Շատ ուտելն ու քաղցրի օգտագործումն ավելորդ քաշ հավաքելու միակ պատճառները չեն։ Estet-portal.com կայքը գրում է, որ գոյություն ունեն մի խումբ հիվանդություններ, որոնց զարգացումը հանգեցնում է ճարպի և ավելորդ կիլոգրամների կուտակմանը։ Ավելորդ քաշի պատճառները կախված են ներքին օրգանների աշխատանքից։ Քաշի ավելացմանը դրդող հիմնական գործոնները հորմոնալ հավասարակշռության և այն օրգանների խանգարումներն են, որոնք հորմոններ են արտադրում։ Կայքը ներկայացրել է 9 հիվանդություն, որոնք քաշի ավելացման պատճառ են դառնում։
Ավելորդ քաշի պատճառները
Գոյություն ունեն 3 խումբ խնդիրներ, որոնք ճարպակալման պատճառ են դառնում և խանգարում են ազատվել քաշից.
հոգեբանական պատճառներ՝ սթրես, մշտական անհանգստություն, անքնություն և այլն,
սնուցման հետ կապված խնդիրներ՝ յուղոտ և քաղցր մթերքի, ֆասթֆուդի օգտագործում, ոչ հավասարակշռված սնունդ,
ֆիզիկական ակտիվության բացակայություն՝ նստակյաց աշխատանք, կենսակերպ։
Թվարկված պատճառներն ընդամենը սառցաբեկորի գագաթն են։ Գլխավոր պատճառները կապված են առողջության խնդիրների հետ։
9 խնդիր, որոնցից գիրանում են
Հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
Այս հիվանդությունը կապված է վահանաձև գեղձի հորմոնների թերարտադրության հետ։ Այն կարող է ընթանալ առանց նշանների։ Հորմոնների քանակի նվազեցումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման, և որպես հետևանք՝ ավելորդ քաշի ավելացման։ Հոգնածություն, հիշողության խանգարում, քնկոտություն, աշխատունակության զգալի նվազեցում, անեմիա, փորկապություն, դաշտանային ցիկլի խանգարում… սրանք հիպոթիրեոզի նշաններն են։
Ժառանգականություն
Հորմոնների ավելորդ քանակն ուտելու մշտական կարիք է առաջացնում. անձը չի կարողանում տարբերել՝ հագեցե՞լ է, թե՞ ոչ։
Ադիպոզոգենիտալ տիպի ճարպակալում
Հիպոթալամուսի վնասման արդյունքում կարող է առաջանալ այս տիպի ճարպակալումը։ Քաշի ավելացման պատճառը սեռական համակարգի սխալ զարգացումն է։
Պիկվիկի համախտանիշ
Այս հիվանդությունը բնութագրվում է ճարպակալմամբ և շնչառական անբավարարության զարգացմամբ։ Համախտանիշն առավել հաճախ ձևավորվում է 40-60 տարեկան տղամարդկանց շրջանում։ Քաշի ավելացումը սկսվում է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումից հետո, ինչը հանգեցնում է ախորժակի մեծացման, քնի խանգարման, անվստահության։ Հիվանդները թուլություն, քնկոտություն և ուտելու անհագ ցանկություն են ունենում։ Սրանք նորմալ քաշի և առողջ տեսքի թշնամիներն են։
Ինսուլինոմա
Ենթաստամոքսային գեղձի β ինսուլինակտիվ բջիջներից գոյացող նորագոյացություն է, որն արյան մեջ մեծ քանակով ինսուլինի մղման պատճառ է դառնում։ Նոպաները բնորոշվում են սառը քրտինքի առաջացմամբ, հաճախասրտությամբ, քաղցի և վախի զգացումով, լսողության, տեսողության, խոսքի խանգարմամբ։
Դաշտանի դադարով պայմանավորված ճարպակալում
Դաշտանադադարի ընթացքում կանանց շրջանում նվազում է սեռական հորմոնների արտադրությունը։ Դա հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման։
Հոգեկան խանգարումներ
Հոգեկան շատ խանգարումներ կարող են ուղեկցվել չափից շատ սնունդ օգտագործելով։ Հիվանդներն այնքան են տարվում սնունդ օգտագործելու պրոցեսով, որ չեն նկատում՝ երբ է գալիս հագեցածության զգացողությունը։ Արդյունքում՝ գիրանում են։
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
Այս հիվանդության դեպքում կնոջ օրգանիզմում ավելանում են տղամարդկային սեռական հորմոնները, ինչի արդյունքում մարմինը ծածկվում է մազածածկույթով, ձվազատում տեղի չի ունենում, որպես հետևանք՝ զարգանում է անպտղություն, դաշտանային ցիկլի բացակայություն։ Այս հիվանդությունը նաև քաշի ավելացման պատճառ է դառնում։
Մակերիկամների կեղևի գործառույթների խանգարում
Այս խանգարման արդյունքում մեծանում է կորտիզոլ հորմոնի արտադրությունը, ինչը կարող է ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ։ Այս հորմոնի շատ արտադրությունը նյութափոխանակության տարբեր խանգարումներ է առաջացնում, բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Արդյունքում՝ մկանային զանգվածն արագ փոքրանում է, իսկ ճարպային զանգվածը՝ մեծանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը