Լաչինի միջանցքի ապաշրջափակման որոշումները պետք է կայացվեն, եթե այդպիսի հրաման լինի, պետք է այն իրականացվի. Զատուլին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լաչինի միջանցքի ապաշրջափակման որոշումները պետք է կայացվեն, եթե այդպիսի հրաման լինի, պետք է այն իրականացվի. Զատուլին

168TV-ի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, հնարավոր ելքերին, խաղաղապահների գործողություններին, ՌԴ դիվանագիտական զգուշավորությանը և ՀՀ իշխանությունների դիրքավորմանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Նա նշեց, որ հետևում է իրավիճակին, խորապես անհանգստացած է, և տեղեկացրեց, որ այսօր հայտարարություն է տարածել իրավիճակի վերաբերյալ:

«Հակառակորդի տարածքում բնապահպանական հոգատարության շինծու պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որի տակ դրված են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունները։

Բաքուն շտապում է իրագործել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը հայրենի հողից հայերին դուրս մղելու ռազմավարության մաս է, որը կարող է մարդասիրական աղետի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Զատուլինը՝ շարունակելով, որ Լաչինի արգելափակմանն ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ գազի մատակարարման խափանումը, ինչը որևէ կերպ հնարավոր չէ վերագրել կամ կապել, այսպես կոչված, բնապահպանների նախաձեռնության հետ։

«Դպրոցները դադարեցրել են աշխատանքը, ձմռանը ջեռուցումից անջատման վտանգի տակ են հայտնվել մյուս բոլոր սոցիալական օբյեկտները։ Իմ համոզմամբ՝ Բաքվի գործողությունները նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահներին սադրելու և նրանց առաքելությունը խափանելու փորձ են։ Բաքվում, երևի, մտածում են, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումը Արևմուտքի հետ նպաստավոր պահ է Անդրկովկասում նրա դերն ու ազդեցությունը թուլացնելու համար։

Ադրբեջանում արդյոք չե՞ն շտապել ենթադրել, որ կարող են Աստծուն մորուքից բռնել։ Իմ անունից և Լազարևյան ակումբի Միջազգային խորհրդի հանձնարարությամբ պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը։ Լիահույս եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները կգտնեն համոզիչ փաստարկներ՝ իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ  ձգձգման հետագա և հնարավոր հետևանքների համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը:

Զատուլինը նշեց, որ սադրիչ գործողություն է համարում ոչ միայն Ստեփանակերտի ու Գորիսի միջև ճանապարհի շրջափակումը, այլև նախորդ ամիսների գործողությունները, երբ Ադրբեջանի զորքերը, բռնկված ռազմական գործողությունների հետևանքով, ներխուժեցին ՀՀ տարածքի խորք, որքան իրեն է հայտնի՝ մոտավորապես 8 կիլոմետրով:

«Ես այնտեղ եղել եմ, երբ դեռ հնարավորություն ունեի լինել Հայաստանում: Սեպտեմբերին ես եղա Հայաստանում, իսկ նոյեմբերին, ինչպես գիտեք, արդեն չկարողացա լինել, քանի որ ՀՀ ԱԺ-ն իմ այցը հայտարարել է անցանկալի: Ինչպես էլ որ ինձ վերաբերվեն ՀՀ իշխանությունները և Ադրբեջանի իշխանությունները, որոնք ևս արգելել են իմ մուտքը, իհարկե, մի քանի տարի առաջ, սակայն ես իմ պարտքն եմ համարում լինել օբյեկտիվ և Ղարաբաղյան հակամարտության սկզբից՝ 1991-ական թթ.-ից ծանոթանալով իրավիճակին, խորը համոզման եմ եկել, որ իրականում փորձը՝ ճնշել ԼՂ հայկական բնակչության ինքնորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որևէ լավ բանի չեն հանգեցնելու: Կարող  է ադրբեջանական կողմի մոտ լինեն ժամանակավոր անհաջողություններ, հաջողություններ, ինչպես վերջին պատերազմի ընթացքում, բայց եթե այն, ինչ ցույց է տալիս Ադրբեջանը, տրամադրվել է էթնիկ զտման, և նրան, որպեսզի ստիպի ԼՂ բնակչությանը լքել իրենց տունը, ապա դա Կովկասում խաղաղությամբ ու հանգստությամբ չի ավարտվի»,- ասաց նա:

Զատուլինն ասաց, որ ինքը զինվորական չէ, բայց որպես ՌԴ Պետդումայի պատգամավոր և որպես քաղաքական և հասարակական գործիչ՝ իր պարտքն է համարում պնդել, որպեսզի ձեռնարկվեն միջոցառումներ, որպեսզի ճանապարհն ապաշրջափակվի:

Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատին և նրանց հնարավոր քայլերին, ուժ կիրառելու մանդատին, Զատուլինն ասաց, որ խաղաղապահների մանդատը սովորաբար համաձայնեցվում է կողմերի միջև, որոնք հրավիրում են խաղաղապահներին:

Նա նշեց, որ որքանով իրեն է հայտնի՝ խաղաղապահների տեղակայման շատ մանրամասներ չեն համաձայնեցվել, թողնվել են հետագային, որպեսզի արագ իրականացվի խաղաղապահների տեղակայումը, իսկ հետո սկսել են ձգձգել:

«Ի դեպ, բացարձակ չեմ բացառում, որ գիտակցաբար են ձգձգել: Առողջ բանականության տեսանկյունից ինձ համար ակնհայտ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, իհարկե, ես հասկանում եմ, որ սա պատասխանատու որոշում է, որը կարող է հանգեցնել հետևանքների, եթե դա տեղի ունենա ուժի միջոցով, բայց, վերջիվերջո, հնարավոր է իրավիճակ, երբ որևէ այլ ելք չի մնա: Ես հասկանում եմ, որ սա բոլոր եղանակներից վերջինն է, և դեռ ձեռնարկվում են այլ փորձեր ինչ-որ կերպ այդ ճանապարհն ապաշրջափակելու համար: Տեղի են ունեցել  հեռախոսազրույցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի միջև, ես վստահ եմ, որ այս հարցը շոշափվել է, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը բացարձակ չի շտապում իրականացնել այն համաձայնագիրը, որի տակ իր ստորագրությունն է»,- նման տեսակետ հայտնեց Զատուլինը:

Ինչ վերաբերում է ճանապարհի ապաշրջափակմանը, ապա նա կրկնեց՝ այդ որոշումները պետք է կայացվեն:

«Եթե այդպիսի հրաման լինի, պետք է այն իրականացնել: Բայց այդ հրամանը՝ ուժի կիրառմամբ բացելու, տրված չէ, քանի որ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հույս կա»,-ասաց Զատուլինը:

Զրույցի ընթացքում Զատուլինը խոսեց հայ-ռուսական հարաբերություններից, ՀՀ իշխանությունների՝ ՌԴ դաշնակցային պարտավորությունների իրականացման հարցի շուրջ շարունակական բողոքներից, ՀՀ իշխանությունների քաղաքականությունից, ՀՀ իր մուտքի արգելքից և մի շարք այլ հարցերից, որոնցից մեկը նաև Կազանի բանակցություններն են:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



Նման նյութեր