Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը։
«Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց՝ երբ ադրբեջանական կողմը Բերձորի ճանապարհը փակեց և գազամատակարարումն անջատեց, արցախցիների մեջ սկզբում մի տեսակ վախ կար, որ հանկարծ մարդիկ այդ ամենին չեն դիմանա։ Մեկը մյուսին սկսել են հուսադրել ու պինդ պահել, որպեսզի հանկարծ ադրբեջանական սադրանքներին չտրվեն։
«Երեկ հատուկ շրջել եմ Ստեփանակերտով, խանութներ եմ մտել, մարդիկ ասում էին՝ ի՞նչ է եղել, եթե նույնիսկ սնունդը վերջանա, «Ժինգյալով» հաց ունենք, մառաններում մեկ տարվա պաշար ունենք, ուստի որևէ մեկն իր որոշումներից չպետք է հետ կանգնի։ Հասարակությունն է ինքն իրեն կազմակերպել ու աշխատանքներ տարել, առանց պաշտոնյաների ու հանրային դեմքերի, նրանց կարիքն այս հարցում նույնիսկ չի եղել։ Մարդիկ առաջին անգամ հասկացան, որ իրենց միահամուռ լինելու շնորհիվ, մենք իսկապես արդեն հաջողություն գրանցել ենք այն առումով, որ գազամատակարարումը վերականգնված է»,- արցախցիների տրամադրությունները փոխանցեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ գազամատակարարման վերականգնման առումով այս պահին միայն Արցախի պետնախարարն է հայտարարել, որ այն վերականգնվել է առանց նախապայմանների, որովհետև Արցախի միջնորդավորված երկխոսության արդյունքում Արցախն է առաջարկել, որ առանց նախապայմանների բացեն Բերձորի ճանապարհն ու միացնեն գազամատակարարումը, սակայն Ադրբեջանից որևէ պահանջ չէին ստացել։
«Թող գան, գրավոր ներկայանան, մեզ էլ դիտարկեն որպես կողմ և հավասարը հավասարի պես, մենք ռուսների միջնորդությամբ նստենք ու հասկանանք, թե ընդհանրապես ինչ են մեզանից ուզում։ Կարծում եմ՝ աշխատել է մեր ճնշումը, որն իրականացրել ենք միասնական ուժերով, նաև միջազգային հարթակներում։ Ամեն դեպքում, երբ այս օրերին ինձ հարցնում էին, թե ինչ ակնկալիքներ ունեմ, նշել եմ, որ ճնշումները միջազգային հարթակներից այդպես ուժեղ չեն, բայց արձագանքները 44-օրյա պատերազմի վերաբերյալ եղած արձագանքներից շատ են տարբերվում։ Ըստ իս, այստեղ տեսնում ենք, որ աշխարհը դեպի հումանիզմ, մարդասիրություն է ձգտում։ Ամեն մեկս մեր տեղում էինք, յուրաքանչյուրս մեր տեղերում աշխատանք արեցինք, և այս առումով կա հաղթական, ոգևորված տրամադրություններ արցախցիների մեջ»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ արցախցի պատգամավորի՝ որքան էլ փորձեցին հասարակությանը պառակտել, բաժանել արցախցի-հայաստանցի հասկացությունների՝ չհաջողեցին։
«Մենք մեկ գենի կրող ենք և սա մենք բոլորին ապացուցեցինք՝ մեր միասնական լինելով։ Ինչքան էլ ասեն, թե մենք պատերազմ ենք ուզում, այդպես չէ, տեսեք՝ զենքերը չխոսեցին, բայց մենք հաղթանակ գրանցեցինք»,- եզրափակեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։
Նշենք նաև, որ գազամատակարարումն Արցախում ադրբեջանական կողմը դադարեցրել էր դեկտեմբերի 13-ից։