Հայաստանում նույնպես կան այդպիսի մարդիկ. Զախարովա
Advertisement 1000 x 90

Հայաստանում նույնպես կան այդպիսի մարդիկ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանում ևս կան այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականներ։ Նախօրեին ճեպազրույցի ընթացքում Զախարովան, անդրադառնալով թուրք գեներալ-գնդապետի՝ Ադրբեջանի նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակմանը, և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշ դեպքերում ՆԱՏՕ-ի ներթափանցումը հետխորհրդային տարածք Ռուսաստանի կողմից ընկալվում որպես սպառնալիք, իսկ որոշ դեպքերում Մոսկվան նախընտրում է աչք փակել դրա վրա, ասել է, թե համաձայն չէ այդ պնդմանը:

«Ես տեսնում եմ այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականներին ոչ միայն Ադրբեջանում։ Նրանք կան նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարևան երկրներում։ Հայաստանում նույնպես կան այդպիսի մարդիկ։ Չեմ խոսում համանման պաշտոնների մասին, սակայն տարբեր քաղաքացիություն ունեցող մարդիկ խորհրդատվություններ են իրականացնում և հանդես են գալիս խորհրդականների կարգավիճակում»,- նշել է Զախարովան։

Նրա որակմամբ, յուրաքանչյուր երկիր ունի իր գործընկերների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնելու ինքնիշխան իրավունք։ «Միևնույն ժամանակ, մենք ելնում ենք նրանից, որ այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Հարավային Կովկասում առկա ուժերի հավասարակշռությունը։ Մենք պարբերաբար այդ թեզերը հասցնում ենք տարածաշրջանի մեր գործընկերներին»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

 



Նման նյութեր