Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրա ճանապարհը բանակցություններն են»,- հայտարարել է Պատելը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր՝ պետդեպի փոխխոսնակը խուսափել է խոսել ժամկետներից։ «Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է և շատ մեծ ուշադրություն է հատկացնում, պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ևս, այս հարցում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրափակիչ գծին»,- ասել է Վեդանտ Պատելը։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է: