Ռուբեն Վարդանյանը խոսել է պարտականությունները ոչ պատշաճ կատարող պաշտոնյաների մասին
Advertisement 1000 x 90

Ռուբեն Վարդանյանը խոսել է պարտականությունները ոչ պատշաճ կատարող պաշտոնյաների մասին

Արդեն վեցերորդ օրը շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է հանդիպումները՝ հասկանալու իրավիճակը մարզերում ու համայնքներում։ Այս մասին Վարդանյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշեց, որ այսուհետ բարձրաձայնելու է այն մարդկանց անունները, ովքեր չեն կատարում օրենքները, որոնք ընդունվել են։

«Մենք առաջին օրը հնարավորություն տվեցինք այն մարդկանց, որոնք սխալվել էին, և միայն նկատողություն էինք տվել։ Մենք ամեն օր անպայման հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են ինչ-որ ձևով այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին կամ ուրիշ բաներ անել, որն ինձ համար անընդունելի է, ամոթ է։ Ինձ թվում է՝ ոչ թե միայն օրենքով պատժելը, այլև այդ ամոթանքն ամենակարևոր արձագանքն է։ Ասեմ Ասլանյան Կարմենի (բենզալցակայանի տնօրեն, – խմբ) մասին, ասեմ, որ դա անընդունելի է, և ես ուզում եմ զգուշացնել, որ այսպես չի կարող շարունակվել։ Եթե նա չի հասկանում, որ պետք է կատարի իր գործն այնպես, ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Ոչ մեկի համար չկան բացառություններ։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու»,- հայտարարեց Վարդանյանը։

Նա խոսեց մեկ այլ դեպքի մասին՝ հայտնելով, որ Ծովատեղ համայնքում երկու օր է՝ հաց չկա։ «Համայնքի ղեկավար Աբրահամյան Սամվելի անտարբերության պատճառով այդ հարցը չէր լուծվում։ Նա ոչ մեկին չէր ասել, որ այդ խնդիրը կա։ Դա անընդունելի է»,- նշեց պետնախարարը։

Նա հայտնեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակ պահելու հետևանքով չեն կարողացել հասնել Արցախ ու ներկայանալ աշխատանքի, բացակայություններ չեն ստանա, քանի որ իրադրությունը նրանց մեղավորությամբ չի։

«Աշխատում ենք, համախմբված ենք, ոչ մի խուճապ չկա։ Վստահ եմ՝ այն ինչ անում ենք, ճիշտ է։ Մենք միայն ուժեղանում ենք այս ամեն ինչից։ Սա է կյանքը, պետք է ընդունենք իրականությունն ու գնանք առաջ։ Ուրիշ ճանապարհ չունենք»,- եզրափակեց Ռուբեն Վարդանյանը։