Արդեն 11-րդ օրն է՝ Արցախը կտրված է արտաքին աշխարհից, Ադրբեջանն արդեն 11 օր է՝ փակ է պահում Լաչինի միջանցքը՝ 120 հազար արցախահայերի պահելով գերության մեջ։ Բազմաթիվ հիվանդներ, որոնք անհապաղ բուժօգնության կարիք ունեն, չեն կարողանում տեղափոխվել Երևան, հիվանդներից մեկն օրեր առաջ մահացավ։ Այդ հիվանդների թվում կան նաև երեխաներ, նրանցից մեկը 4-ամսական է, որի վիճակը ծանր է։
168.am-ի հետ զրույցում բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանն անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, նախ նրանց բնորոշեց՝ որպես «վախկոտ, փոքրոգի, սրիկա ու ցեղասպան թուրք»։
«Այդ թուրքերի հետ միայն պետք է խոսել ուժի դիրքերից, նրանք այլ լեզու չեն հասկանում, մնացածն այլ բնորոշում չունի։ Թող իշխանությունները գնան ու մի լավ մտածեն, թե ում հետ են ուզում խաղաղության ճանապարհ անցնել։ Ժողովրդական ասացվածք կա՝ «եթե ուզում ես շան հետ ընկերանաս, փայտը ձեռքիցդ մի գցիր»։ Հիմա մենք զինաթափել ենք ամբողջ Հայաստանի ու Արցախի բանակները, մեր բանակը չենք հզորացնում ու խաղաղություն ենք ուզում։
Ոչ միայն թուրքը, այլև ամբողջ աշխարհն է այսպես՝ միայն ուժի դիրքից է հնարավոր խոսել։ Որևէ բան չի լինի՝ ՄԱԿ-ի հայտարարություն, անվտանգության նիստ և չգիտեմ ինչ… մինչև Ադրբեջանը հստակ ուժ չտեսնի, որևէ բան չի փոխվելու։ Հիմա մենք սխալ ճանապարհով ենք գնում, սխալ հաշվարկներ ենք արել։ Պատերազմից հետո երկու տարի անիմաստ կորցրեցինք՝ ակնկալելով, որ խաղաղություն կլինի։ Հակառակորդն ուզում է, ռուսի ասած՝ մեզ «дабивать» անի, արդեն գետնին է գցել, ու այսքանից հետո ուզում են իր հետ խաղաղ ապրել»,- նշեց Տարոն Տոնոյանը։
Ըստ նրա, Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղ ապրել, որովհետև եթե մեկը փակում է հիվանդի ճանապարհը, ինչպե՞ս պետք է խաղաղասեր լինի, «այս ամենն աշխարհում չգրված բան է»։
«Տեսնո՞ւմ եք հիմա՝ ինչ է նշանակում նավթ ու գազ։ Թող կեղծ ժողովրդավարական արժեքներ դավանող երկրներն այս ամենը նայեն, թե բռնապետական, կոռուպցիայի մեջ թաղված Ադրբեջանն ինչ է անում, ստացվում է, որ նրանց համար էլ ժողովրդավարությունը սուտ կատեգորիա է։
Արսեն Թորոսյանն ասում էր՝ թող հայերը խելոք մնային, որ 1915 թվականին ցեղասպանություն չլիներ, հիմա իրեն զանգեք ու ասեք՝ այ գառ, խելոք ես մնացել, բա ինչո՞ւ են ճանապարհդ փակել, խաղաղություն ես աղերսում, ինչո՞ւ են հարվածում։ Սրանից ավելի դավաճանական քայլ չկա։
Ամբողջ խաղը գնում է ռուսներին այս տարածաշրջանից հանելու համար, դրա համար այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչ զոհաբերել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, այն նպատակին, որի համար արեցին «հեղափոխություն»։ Այս դավադիր իշխանությունը պատրաստ է նաև երկրորդ ճակատ բացելու, միայն թե հասնի նրան, որ ռուսը Կովկասից դուրս գա։ Թող դուրս գա, տեսնենք՝ Թուրքիայի դեմ ո՞վ է կանգնելու, երևի անգլիացիները, հա՞»,- եզրափակեց Տարոն Տոնոյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը երեկ մահացավ: