ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը միամիտ չէ. հետևողականորեն իրականացնում է իր թուրքամետ քաղաքականությունը:
«Փաշինյանն ու իր խումբը բերվել են իշխանության երկու նպատակով՝ Արցախը տան թուրք-ադրբեջանական տանդեմին և նպաստեն, որ տարածաշրջանից դուրս գա ռուսական ռազմական ներկայությունը: Երկուսն էլ հիմա Նիկոլ Փաշինյանն անում է: Եթե ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա սիրո և հավատարմության խոսքեր էր ասում Վլադիմիր Պուտինին, հավաստիացնում էր, որ Պրահայում ռուսական առաջարկն է պաշտպանել, հիմա, տեսնելով, որ ռուսական շահերի որոշակի թուլացում կա Հարավային Կովկասում՝ կապված ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության հետ, փորձում է իրականացնել իր աշխարհաքաղաքական պատվիրատուների գործողությունները: Ես ՌԴ փաստաբանը չեմ, բայց եթե պատերազմից հետո Արցախում մնացել են հայեր, և եթե ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ մասը չի գրավվել, դա բացառապես ռուսական ռազմական կոնտինգենտի շնորհքն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «ՀՀ վարչապետի աթոռին բազմած անձը՝ իր շայկայով, թիվ մեկ մեղավորն է և պատասխանատուն: Եթե Ռուսաստանը թերացել է կամ չի թերացել, բա ՀՀ իշխանության անելիքը ո՞րն է: Նա էր, չէ՞, հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա ինչո՞ւ իր հպարտ թիմակիցների հետ չի գնում Լաչինի միջանցքը բացելու»: