Ծննդյան նվեր Ալիևին՝ Հայաստանից (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծննդյան նվեր Ալիևին՝ Հայաստանից

Դեկտեմբերի 24-ին ծննդյան օրը նշող Իլհամ Ալիևը, արդեն երկու օր է՝ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից։ Դրանք բոլորը լայնորեն ներկայացվում են ինքնասիրահարված բռնապետի սեփական լրատվամիջոցներով։ Բայց ադրբեջանական լրատվամիջոցները լռում են այն շնորհավորանքի մասին, որն Ալիևին հղվել է Հայաստանի ամենաբարձրաստիճան երկու պաշտոնյաների կողմից, հղվել է ոչ թե որպես արարողակարգային ձևականություն, այլ որպես այնպիսի նվեր, որը կերջանկացնի Ադրբեջանի նախագահին։ Այդ հղման ձայնագրությունը զետեղվել է Հայաստանի բոլոր պաշտոնական կայքերում, բայց հատկապես նախագահի ու վարչապետի օֆիցիալ տեսադարաններում։

Ահա այդ հղման ձայնագրությունում Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Վահագն Խաչատ(ու)րյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգ րոպեից ավելի զրուցում են «Հայաստանի աննախադեպ տնտեսական հաջողությունների» մասին, առաջինն ամենազզվելի կերպով քծնում է երկրորդին՝ այդ աննախադեպությունն ապահովելու համար, մի քանի րոպե խոսում է բառացիորեն ոչնչի մասին, որի միակ նպատակը «մեծարգո վարչապետին» հաճոյանալն է։

Դա տեղի է ունենում Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակման 11-րդ օրը, երբ այդպես խոսողի ղեկավարած պետության անձնագիրը կրող 120 հազար քաղաքացիներ գտնվում են շրջափակման ու այն մյուսի՝ քծնվողի իսկ գնահատմամբ, էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքի պայմաններում։ Ահա այդ երկրի նախագահը, այդ նույն պահին խոսում է ամեն ինչի մասին, բացի Լաչինի միջանցքի փակման պատճառով ստեղծված քաղաքական ու հումանիտար աղետից, և շնորհակալություններ է հայտնում մեկին, ում պատճառով նաև այդ աղետն իրականություն է դարձել։

Բարձրաստիճան ներքինիների այդ ցածրորակ բեմադրության մեջ դերաբաշխումը կատարված է այնպես, որ Լաչինի միջանցքի մասին հարևանցիորեն, որպես երկրորդային դրվագ, խոսում է ոչ շողոքորթողը, այլ քծնվողը, այն էլ՝ հերթապահ մի նախադասությամբ։

Նորմալ պետություն լինելու դեպքում, ստեղծված իրավիճակում Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները պետք է նման հանդիպում ունենային ու մեկը մյուսին հերթ չտալով՝ խոսեին միայն, բացառապես Լաչինի միջանցքի ու Արցախի մասին, նույնիսկ ավելի, քան պետք է ցույց տային, որ ամենայն կերպ սատար են Արցախին ու Արցախի ժողովրդին, ու ամենակարևորը՝ դա ցույց տային աշխարհին, այն նույն միջազգային հանրությանը, որից ձևականորեն պահանջում են պաշտպանել Արցախի ժողովրդին ցեղասպանությունից։

Ներկայիս Հայաստանում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն է՝ նախագահն ու վարչապետը հանդիպում են՝ ցույց տալու համար, որ Արցախն իրենց չի մտահոգում, որ նախագահին հուզում է վարչապետին հայտնված շնորհակալությունների քանակը, վերջինիս էլ՝ դրանից հուզված լինելու շոյանքը թաքցնելու վարպետությունը։

Խնդիրը միայն անպարկեշտությունը չէ, որով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրում են մեր հայրենակիցների հանդեպ իրենց անտարբերությունը։

Այս ուղերձը շատ ավելի վտանգավոր քաղաքական հետևանքներ ունի։ Աշխարհի որևէ մայրաքաղաքում որոշում կայացնող որևէ մեկը աջ ձեռքով ընթերցելու է Արցախին օգնելու մասին Հայաստանի խնդրանքը, ձախով դանդաղեցնելու է Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեսանյութը՝ նրանց դեմքի արտահայտության մեջ մտահոգություն գտնելու համար, ու չգտնելով՝ կարդալու է շնորհակալությունների թարգմանությունը՝ եզրակացնելով, որ իր երկրից օգնություն խնդրողները ոչ միայն թքած ունեն Արցախի վրա, այլ այնպիսի «աննախադեպ տնտեսական հաջողություն» ունեն, որ կարող են իրենք օգնել աշխարհին։

Իսկ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքների շարքում այս տեսանյութն առաջին հերթին դիտել են նաև Բաքվում, որի սուլթանի համար հազիվ թե հնարավոր լիներ հորինել ավելի մեծ ծննդյան նվեր, քան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով Արցախից հրաժարվելու նողկալի ցուցադրությունը։

Հարություն Ավետիսյան