Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու հարցում հայանպաստ լուծումներ չի ակնկալում:
168.am-ի հետ զրույցում փորձագետը պարզաբանեց. «Այս պահին բոլոր լուծումները, այսպես թե այնպես, պետական մակարդակով լուծումներ են պահանջում, իսկ քանի որ ՀՀ-ում իշխանության եղած խումբը թե՛ հայտարարությունների, թե գործողությունների մակարդակով ձեռքերը լվացել է, ցավոք, ես ինչ-որ հայանպաստ լուծում այստեղ չեմ տեսնում:
Հնարավոր է՝ ռուսները, ադրբեջանցիները, ամերիկացիներն ու ֆրանսիացիներն ինչ-որ բան պայմանավորվեն, արցախահայերին էլ տեղյակ պահեն, բայց հայերի համար նվազագույն կորուստներով ու առավել ևս՝ շահավետ լուծում կարող էր լինել միայն, եթե այդ ամեն ինչում ՀՀ շահերը պաշտպանողն ազգային իշխանություն լիներ: Այսօր ազգային իշխանություն չկա. ընդհուպ՝ մինչև նիկոլական այս ռեժիմի ներկայացուցիչները հայտարարում են, որ երբեմն պետական շահը (պետություն ասելով` իրենք հենց իրենց նկատի ունեն) կարող է հակասել ազգային շահին:
Երբ այդ մարդիկ են ՀՀ-ն ներկայացնում միջազգային ասպարեզում ու իբր ՀՀ շահերի համար իրենք են պայքարում, ինձ համար խիստ կասկածելի է, որ ինչ-որ հայանպաստ լուծում հնարավոր է»:
Անդրադառնալով իշխանական ու իշխանամերձ շրջանակներից հաճախ հնչող հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը բացելու պարտավորությունը բացառապես ռուս խաղաղապահներինն է՝ ռազմական փորձագետը հիշեցրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրվագը, որով նշվում է՝ Ադրբեջանն է երաշխավորում Լաչինի միջանցքի անցանելիությունը:
Հարցին, թե ռուս խաղաղապահների դերակատարումն այդտեղ ո՞րն է, նա պատասխանեց. «Այդ հարցը ճիշտ կլիներ Նիկոլ Փաշինյանին տալ, որ այդ փաստաթուղթը ստորագրում էր դեռևս նոյեմբերի 9-ին:
Օրինակ, հենց հայտնի դարձավ այդ փաստաթղթի տեքստը, ինձ մոտ հարցեր ծագեցին, թե՝ ո՞րն է խաղաղապահների մանդատը, ի՞նչ պետք է արվի, եթե Ադրբեջանը որոշեց ճանապարհը փակել, արդյո՞ք պաշտոնապես բարձրացվել է այս ընթացքում, օրինակ, Ադրբեջանի կողմից այդ եռակողմ հայտարարության դրույթների խախտման հարցը, ընդհանրապես այդ եռակողմ հայտարարությունն ինչքանո՞վ է լուրջ փաստաթուղթ, որովհետև Ադրբեջանն իր մասը չի կատարում, բացի երեք անհատի ստորագրություններից, ի՞նչն է երաշխավորում այդ հայտարարության կատարումը, և այլն:
Սակայն այս հարցերն այն ժամանակ էլ անպատասխան մնացին, այժմ էլ, ըստ էության, անպատասխան են»:
Հիշեցնենք՝ եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
Արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին շարունակական լարվածությամբ, Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ադրբեջանը փորձում է նոր ռազմական էսկալացիայի գնալ՝ հարցին ի պատասխան՝ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ միջանցքի փակումն արդեն իսկ պատերազմական գործողություն է:
«Մենք գիտենք, որ կա հիբրիդային պատերազմ կոչվածը, այսինքն՝ երբ պատերազմը ոչ միայն ռազմական միջոցներով է մղվում, այյլ նաև՝ այլ միջոցներով: Ընդհանրապես, շրջափակումն արդեն թշնամական, պատերազմական գործիք է, որը որոշ դեպքերում նույնիսկ կարող է լինել հիմնավոր պատճառ պատերազմ հայտարարելու համար, այսպես կոչված՝ կազուս բելլի:
Առհասարակ, ՀՀ-ին այս ողջ ընթացքում շրջափակման մեջը պահելը պատերազմական գործողություն էր»,- պարզաբանեց նա՝ շեշտելով, որ Արցախի դեմ գործողություններն ուղղված են նաև Հայաստանին, ու զարմանալի չէ, որ արդեն Ադրբեջանը ոչ միայն միջանցքի հարցն է առաջ քաշում, այլևս ՀՀ տարածքից է գյուղեր պահանջում: