2017 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 11 հազար միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ): Ավելի վաղ ՄՄԿ-ն հայտնել էր, որ 2016 թվականին ավելի քան 5 հազար ներգաղթյալ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովը և հայտնվել Եվրոպայում, մոտավորապես 363 հազար մարդու հաջողվել է հասնել եվրոպական երկրներ:
ՄՄԿ-ի մամուլի տեղեկագրում ասված է, որ փետրվարի 5-ի դրությամբ 11 հազար 10 միգրանտներ ու փախստականներ են ժամանել Եվրոպա, որոնց մոտավորապես 85 տոկոսը՝ Իտալիա, մնացածները՝ Հունաստան: Անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածում Եվրոպա էր ժամանել 74 հազար 808 մարդ:
Կազմակերպությունը միգրանտների մահվան 255 դեպք է գրանցել գաղթի ճանապարհին: Նշվում է, որ զոհվածները մեկնել էին տարբեր երթուղիներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: