«Բնակիչները դեռ սնունդ ունեն, առաջիկայում կարող է դեղորայքի խնդիր առաջանալ». Նոր շենի գյուղապետ
Advertisement 1000 x 90

«Բնակիչները դեռ սնունդ ունեն, առաջիկայում կարող է դեղորայքի խնդիր առաջանալ». Նոր շենի գյուղապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն գյուղում, արդեն 15 օր է, որևէ սնունդ, դեղորայք չի մտել, բնակիչներն ապրում են եղածով։

168.am-ի հետ զրույցում Նոր շենի գյուղապետ Գևորգ Հարությունյանն ասաց, որ այս ընթացքում որևէ բնակչի մոտ խուճապ չի տեսել։

«Եթե ընդհանուր իրավիճակի մասին խոսեմ, ապա նորմալ է։ Բնակիչները դեռ սնունդ ունեն, նորմալ է, կարող է առաջիկայում դեղորայքի խնդիր առաջանալ։ Ճանապարհը բացեն՝ լավ կլինի, ամեն ինչ կհարթենք»,- նշեց Գևորգ Հարությունյանը։

Ըստ գյուղապետի՝ այս պահին գյուղում չկան հիվանդներ, որոնք անհապաղ բուժօգնության կարիք կարող են ունենալ։

«Ինչ Լաչինի միջանցքը փակված է, թշնամին գյուղի ուղղությամբ չի կրակել, այս ընթացքում սադրանքների չի դիմել։

Կարծում եմ՝ եթե այս անգամ նրանք ճանապարհը բացեն, այլևս այն չի փակվելու»,- նշեց Նոր շենի գյուղապետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր, տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։



Նման նյութեր