Արցախից Երևան տեղափոխված փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա. նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր
Advertisement 1000 x 90

Արցախից Երևան տեղափոխված փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա. նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր

Դեկտեմբերի 24–ին Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«4 ամսական փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա: Նրան հսկում են այն մասնագետները, որոնք մինչև երեխայի Հայաստան տեղափոխվելը՝ բուժում էին հեռավար տարբերակով։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը բնորոշ՝ շարունակում է բարձր ջերմել: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,- մանրամասնեց ԱՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ 4 ամսական փոքրիկն Արցախի «Արևիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Եվս մեկ պացիենտ ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը՝ երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:



Նման նյութեր