Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախը և 120 հազար արցախահայություն կանգնած են հումանիտար աղետի շեմին։ Թեպետ այս հանգամանքին արդեն անդրադարձել են միջազգային տարբեր կառույցներ, քաղաքական գործիչներ, սակայն Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։
Դեկտեմբերի 25-ին ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել էր, որ Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս ամենից հետո ադրբեջանական կողմը սկսեց քարոզչություն իրականացնել, թե իբր «Արցախի կապն արտաքին աշխարհի հետ կտրված չէ, քանի որ բոլորը կարողանում են օգնություն հասցնել Արցախին»։ Ադրբեջանն այս ամենը փորձեց օգտագործել և իր ահաբեկչական գործողությունները քողարկել չափից շատ «հումանիտար» լինելու շղարշով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն անդրադառնալով ադրբեջանական կողմից առաջ տարվող այս քարոզչությանը և հարցին՝ արդյո՞ք մարդասիրական որոշակի բեռ հասցնելով Արցախ՝ արցախահայության առջև այս պահին ծառացած խնդիրը լուծվում է, նշեց.
«Մենք, իհարկե, շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս պահին ինչ-որ մի ձև հնար գտնում են և թեթևացնում են մեր հոգսը։ Այդուհանդերձ, այդ հումանիտար բեռը խնդիրը չի լուծում՝ շրջափակումը պետք է վերացվի»։
Ըստ Լուսինե Ավանեսյանի, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ 1-2 մեքենա սննդամթերք կամ դեղորայք Արցախ հասցնելով՝ լուծվում է 120 հազար բնակչության ոչ միայն անհրաժեշտ առօրեական կարիքները, այլև նրա ազատ ապրելու, իր երկիրը կառուցելու, իր ճակատագիրը որոշելու իրավունքի խնդիրը, ապա դա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
«Կտրվել է մի ճանապարհ, որն Արցախի Հանրապետության գոյության գուցե թե երաշխիքն է՝ 2020 թվականի պատերազմից հետո»,- եզրափակեց Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։