«Ռուսաստանն իր քաղաքականությունն ԱՊՀ երկրների նկատմամբ էապես փոխելու է». Պուտինը Վազգեն Սարգսյանին ասել էր հարաբերությունների գնահատման չափանիշը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ռուսաստանն իր քաղաքականությունն ԱՊՀ երկրների նկատմամբ էապես փոխելու է». Պուտինը Վազգեն Սարգսյանին ասել էր հարաբերությունների գնահատման չափանիշը

Ավելի քան 2 շաբաթ է, Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող մարդասիրական ճանապարհը:

ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այս խնդրում իրենց պատասխանատվությունը չեն տեսնում, չեն ընդունում, որ այս խնդրի հասցեատերը նաև իրենք են, ոչ միայն Ռուսաստանը:

Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Արդեն գրեթե 20 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան»:

2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եռակողմ է, այսինքն, Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ևս պարտավորություն ունի այս հարցում, որը նա ստանձնել է այդ կապիտուլյացիայի հայտարարության տակ ստորագրելով և ընդունելով մյուս կողմի կամ կողմերի խաղի կանոնները:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում նաև ՀՀ-ի հանդեպ եռակողմ փաստաթղթի կողմ հանդիսացող ՌԴ-ի վերաբերմունքի, գործողության կամ չեզոքության համար:

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է մեր դաշնակիցը քաղաքական նման վարքագիծ դրսևորում մեր նկատմամբ:

Ի վերջո, երբ ժամանակին ընդդիմադիր գործիչները խոսում կամ զգուշացնում էին ՌԴ-ի հետ հարաբերություններում փոփոխության կամ «սառեցման» մասին, գործող իշխանությունները հերքում էին՝ վստահեցնելով, թե փայլուն հարաբերություններ ունեն ՌԴ-ի հետ:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ միջազգային դիտորդների առաքելությունը և ՄԱԿ-ի կամ միջազգային մանդատի անհրաժեշտությունը կարևորող Փաշինյանի իշխանությունը պատերազմի ժամանակ դեմ է եղել եվրոպական խաղաղապահ առաքելություններին՝ առանց ՌԴ-ի, ավելին, կողմ է եղել միայն ռուսական խաղաղապահներին:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»:

Այնուհետ Փաշինյանը շարունակել էր. «Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղաղարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»:

Ավելին, նշված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Թուրքիայի՝ 44-օրյա պատերազմին ներգրավվածությանը և ուղիղ տեքստով նշել, որ ՆԱՏՕ-ն այս առումով որոշակի պատասխանատվություն է կրում:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա: Այսօր (հոկտեմբերի 23-ին) Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային ռումբեր, որոնք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են: Եվ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝

1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,

2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը»,- շեշտել էր Փաշինյանը:

Այսօր Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ աջակցում են Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքը փակելու և Արցախում 120.000 մարդու շրջափակման մեջ պահելու հարցում, բայց Նիկոլ Փաշինյանը, նրա թիմից որևէ մեկը, մեծ հաշվով, Թուրքիային չի մեղադրում իրեն չվերաբերող հարցերին խառնվելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ին չի հիշեցնում որոշակի պատասխանատվություն կրելու մասին, ինչպես վերևում հիշատակված հարցազրույցում: Հարց է՝ ինչո՞ւ:

Ի դեպ, հնդկական հեռուստաընկերության ներկայացուցչի հարցին՝ «Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդպիսի խնդրանք լինի, արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հակազդել թուրքական զինուժին, եթե այն բացահայտ ներգրավվի հակամարտության մեջ», Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ գործնականում Թուրքիան արդեն իսկ մասնակցում է պատերազմին, իսկ Արցախի Պաշտպանության բանակը դիմակայում է այդ ուժերին:

Վերադառնալով ռուս խաղաղապահներին, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր Արցախում նրանց առաքելությունը 10, 15, 20 տարով երկարացնելուն, բայց այս առաջարկությունը մերժվել է:

«Մենք խոսել ենք այդ մասին։ Դա կախված կլինի մյուս հարցերից, այն է՝ խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից (Երևանի և Բաքվի միջև) և սահմանազատումից, սահմանագծումից (հայ-ադրբեջանական) սահմանի։ Եթե այս հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ կերպ կդրվի։ Եթե չլուծվեն, կամ որոշ չափով լուծվեն, ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ զորախմբի ճակատագիրը»,- մոտ 1.5 ամիս առաջ հայտարարել էր Պուտինը՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարացնելու մասին փաստաթղթին:

Այո, ՌԴ-ն ունի պարտավորություններ, և եթե ընդունենք, որ դրանք լավ չի կատարում, որի պատճառով անվտանգային խնդիրներ են ունենում Արցախը և ՀՀ-ն, ապա Նիկոլ Փաշինյանն այստեղ ունի իր պատասխանատվության բաժինը նաև այն առումով, որ նախքան պատերազմը, պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծացրել է կախվածությունը ՌԴ-ից, այդ թվում՝ հայկական բանակի հաշվին։

Ավելին, 2 տարի, մեծ հաշվով, ոչինչ չի արվել հայկական բանակի հզորացման համար, ինչը բերում է լրացուցիչ կախվածության՝ ՌԴ-ից, Եվրոպայից, ԱՄՆ-ից:

Նիկոլ Փաշինյանը բանակին զրկել է իր սուբյեկտայնությունից, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Այո, անվտանգային կախվածություն եղել է ՌԴ-ից, դա ոչ ոք չի հերքում, բայց հայկական բանակն է որոշել՝ որ ուղղությամբ դիրքային առավելություն ապահովի և ինչպես՝ ամրապնդելով դիվանագիտական ճակատի դիրքերը: Այսօր հայկական բանակի քայլերը հարմարեցված են ԱԳՆ-ի և Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետաքրքրություններին և խաղաղության տեսլականին, որից բանակը բացարձակ չի շահել: Այսինքն, բանակին չի կարելի պարտադրել դիվանագիտական լեզվով խոսել, հատկապես, երբ թշնամիդ դեռ թշնամի է:

Վերադառնալով մեր դաշնակցի հետ հարաբերություններին, հիշեցնենք 1999թ. ՌԴ վարչապետ Պուտինի հետ հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի՝ լրագրողներին տված ճեպազրույցը, որտեղ նա խոսում էր Պուտինի հետ հանդիպումից ստացած տպավորության մասին, և որով, ըստ էության, հաստատում է վերոնշյալ հարցադրումները՝ ինչո՞ւ փոխադարձ պարտավորությունները չեն կատարվում, ո՞վ է պատասխանատու դրանց կատարման որակի համար՝ Ռուսաստանը և Հայաստանը միասի՞ն, թե՞ միայն Ռուսաստանը կամ միայն Հայաստանը, և այլն:

«Պուտինը հետաքրքիր թեզ առաջ քաշեց, նա ասաց, որ Ռուսաստանն իր քաղաքականությունն ԱՊՀ երկրների նկատմամբ էապես փոխելու է: Այսինքն, ԱՊՀ բոլոր անդամ երկրների հետ պիտի ունենա ադեկվատ վերաբերմունք, ոչ համահարթեցման: Եվ անգամ ԱՊՀ-ի ներսում հաշվի է առնելու երկկողմ հարաբերությունները, և այդ հարաբերություններում փոխադարձ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման չափը, ձևը, որակը: Մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ շատ բարձր որակի է, և դա էր ուզում ասել նաև»,- լրագրողների հետ զրույցում 1999թ. ասել էր Վազգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին և այսօր տիրող իրավիճակին, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանին դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ էր հայտնի՝ Ադրբեջանն ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա, բայց այն կանխող ոչինչ չի արվել, այլ հակառակը:

Մեկ տարի առաջ այս օրերին՝ 2021-ի դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի կետանոց գրառում էր արել, որի 4-րդ կետում նշվում էր. 

«4. Մեր իրականության մեջ հայտնի շրջանակների պրոպագանդան մի թյուրիմացություն է ներարկել, թե «ԼՂ վերջնական կարգավիճակ», «ինքնորոշում» տերմինները անպայմանորեն նշանակում է ԼՂ անկախություն: Սա, իհարկե, այդպես չէ, որովհետև ինքնավար մարզն էլ է կարգավիճակ, շրջանն էլ է կարգավիճակ, անկախությունն էլ է կարգավիճակ: Իմ ժառանգած բանակցային բովանդակությունը հստակեցնո՞ւմ է այս հարցերը, հստակեցնո՞ւմ է, թե կարգավիճակ ասելով ինչ է նկատի առնվում: Իհարկե ոչ: Հայկական կողմը միշտ հպարտացել է այն դրույթով, թե ԼՂ կարգավիճակի ճշգրտման պոտենցիալ հանրաքվեի դրվող հարցը կամ հարցերը չպիտի ունենան ձևակերպման որևէ սահմանափակում և կարող են ենթադրել ցանկացած կարգավիճակ: Ցանկացած կարգավիճակ, այո, կարող է նշանակել անկախություն, բայց ցանկացած կարգավիճակ կարող է նշանակել նաև մարզ՝ Ադրբեջանի կազմում: Եթե սրան գումարենք այն, որ բանակցային բովանդակությունը չի կոնկրետացնում, թե հանրաքվեն ո՞ր տարածքում պետք է տեղի ունենա, չի կոնկրետացնում, թե ո՞վ պետք է ձևակերպի հանրաքվեի դրվող հարցը, ստացվում է, որ ըստ իմ ժառանգած բանակցային բովանդակության, հանրաքվեի կարող էր դրվել նաև հետևյալ հարցը՝ համաձա՞յն եք, որ ԼՂ-ն լինի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Բանակցային բովանդակությունը չի պարզաբանում նաև, թե եթե մարդիկ քվեարկում են «ոչ», ի՞նչ է դա նշանակում. անկախությո՞ւն, թե՞ 0 կարգավիճակ:

Ի դեպ, քննարկումների ծիրում կա նաև մի շատ լեգիտիմ հարց: Ի՞նչ նպատակ ունի հիմա խոսել բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին: Նպատակը մեկն է՝ պաշտպանել 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիների՝ Արցախում հայկական իրավազորության ներքո բնակվելու իրավունքը: Բայց սա բանակցային մարտավարության հարց է և հետագա քննարկումների խնդիր»:

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հետպատերազմյան շրջանում իր վարած քաղաքականությամբ նպաստում է Արցախի ամբողջական կապիտուլյացիային, այլ նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանն է վնասել և վնասում: Ադրբեջանը նորից հիշել է «ադրբեջանական 8 գյուղերի օկուպացիայի մասին»։ Ավելին, խոսում է ՀՀ տարածքներ ադրբեջանցիների վերադարձի մասին՝ որպես «ներքին տեղահանված անձանց»:

Սրա մասին 168.am-ը դեռ անցած տարի էր զգուշացրել՝  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում: