«Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, ապա արդեն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհն ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից փակելու մասով լռությունը պարզ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
Ինչ վերաբերում է ճանապարհը փակելուն, ապա, մեր զրուցակցի խոսքով, թշնամին այդ առումով շատ ծրագրեր ունի:
«Փորձում են խուճապ առաջացնել, հանքերը փակել տալ: Ավելին, կարծում են, թե ճանապարհն էլ որ բացեն՝ արցախցիները կգնան ու հետ չեն գա, իսկ այդպես երբեք չի լինի: Հայը պինդ եղել է, պինդ էլ կմնա»,- նշեց նա:
Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ բնական է, այն, ինչ տարվում էր Հայաստանից Արցախ, գնալով կպակասի, սակայն տեղում կա հիմնական, կարևոր սնունդը, հացը, յուղը:
Հիշեցնենք՝ 18 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:
Հավելենք, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ, նաև պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը:
Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: