Շիրակի մարզպետարանը՝ Շուշիի պետական թատրոնի դերասաններին օգնություն չտրամադրելու մասին
Advertisement 1000 x 90

Շիրակի մարզպետարանը՝ Շուշիի պետական թատրոնի դերասաններին օգնություն չտրամադրելու մասին

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններ Սվետա Առուստամյանն ու Արմեն Գաբրիելյանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելու պատճառով չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին: Նրանց ժամանակավոր օգնել է Շիրակի մարզպետարանը, ինչպես իրենք են նշում, դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածի համար, ապա՝ Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, ով հյուրանոցի հարցը լուծել է մինչև դեկտեմբերի 29-ի համար:

Դերասանների հարցը հիմա մնացել է օդում կախված:

168.am-ին Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնից հայտնեցին, որ իրենք ժամանակահատվածի մասին չեն խոսել:

«Մարզպետի անհատական որոշմամբ յուրաքանչյուրին գումար է տրվել, իսկ թե քանի օրում կծախսեն, որևէ բան չի նշվել: Տրվել է աջակցություն, մնացածն իրենք կորոշեն՝ դեկտեմբերի 18-24-ը կծախսե՞ն, թե՞ դրանից հետո: Ուղղակի վատն այն էր, որ մարզպետարանի ֆինանսական տարին ավարտվել է, և դրա համար մարզպետն անհատական որոշումով արեց, որ կարողանա իրենց օգնել, ու ասաց, որ եթե Ամանորից հետո խնդիրը չկարգավորվի՝ կփորձեն կրկին օգնել»,- պարզաբանեցին մարզպետարանից՝ հավելելով, որ պետք է որոշում լինի, որպեսզի կոնկրետ գումար բերվի քաղաքապետարանից, բայց քանի որ տարեվերջ է, ինչքան կարողացել՝ օգնել են:

Նկատենք, որ Շիրակի մարզպետարանի կայքում հրապարակված մարզպետի որոշման մեջ նշված է, որ Շիրակի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով Սվետա Առուստամյանին և Արմեն Գաբրիելյանին հատկացվել է 70.000-ական դրամ միանվագ օգնություն:

Հիշեցնենք՝ 19 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:



Նման նյութեր