Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ հունվարի 3-8-ը երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Մարտակերտի շրջանի Կիչան և Ներքին Հոռաթաղ համայնքներում:
Երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելու համար միջոցառումներին հրավիրվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը և տարբեր մուլտհերոսներ։ Սա հնարավորություն էր երեխաների համար մի պահ կտրվել իրականությունից և հավատալ հրաշքի։
«Շատ կարևոր էր անցկացնել այս միջոցառումը հենց այս շրջանում։ Շրջափակման դժվարին պայմաններում կարևոր է երեխաներին ամանորյա տրամադրություն և դրական զգացողություններ փոխանցելը։ Իսկ ծնողներին՝ հույս տալ, ոչ թե բառերով, այլ գործով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, և նրանք միայնակ չեն, մենք իրենց կողքին ենք՝ պատրաստ ցուցաբերելու հնարավոր աջակցություն», – նշել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը:
«Գեղեցիկ ավանդույթ է դառնում Արցախի երեխաներին ուրախություն պարգևելու համար «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը, որը, հուսով եմ, շարունակական կլինի։ Արցախի երեխաները, որ ապրում են անորոշությունների և բազմաթիվ խնդիրների մեջ, արժանի են լավագույնին»,- նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։