«Գործ ունենք մի մեծ ստի հետ, որը ցավոք սրտի ճշմարտություն դառնալու հավակնություն ունի»․ Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Գործ ունենք մի մեծ ստի հետ, որը ցավոք սրտի ճշմարտություն դառնալու հավակնություն ունի»․ Կարպիս Փաշոյան

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չի գնացել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ իմացել է, թե Հայաստանը հուսալի բանակ և դաշնակիցներ ունի։

Կարծում եմ, նորմալ պետության և հասարակության մեջ նման խայտառակ ձևակերպումը պետք է դժգոհության և բողոքի մեծ ալիք բարձրացներ, հազարավոր մարդիկ պետք է դուրս գային փողոց ու շրջափակեին կառավարության շենքը։

Ի՞նչ է նշանակում «իմացել եմ»։ Ոնց կարող է երկրի վարչապետը, գլխավոր հրամանատարը, անվտանգության և անկախության երաշխավորը քայլեր ձեռնարկի զուտ իմանալով, առանց իր հնարավորությունների, ռեսուրսների, բանակի վիճակի, աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ ճշգրիտ պատկերացումներ և վերլուծություններ ունենալու։

Բայց խայտառակությունից զատ սա նաև նենգ մանիպուլյացիա է, պատասխանատվությունից խուսափելու պարզունակ հնարք։

Հայաստանի բանակն իր բոլոր թերություններով հանդերձ հուսալի է եղել։ Բայց հուսալիությունն ամենևին էլ ամենակարողության հոմանիշը չէ։ Նույնիսկ աշխարհի ամենազորեղ բանակը չի կարող արդյունավետ գործել, երբ դրված խնդիրները իր ուժերից վեր են, երբ չկա պրոֆեսիոնալ կառավարում և պետական հստակ քաղաքականություն։ Փաստացի Փաշինյանը անհնար, միֆական նպատակ է ձևակերպել, իսկ հիմա դրա տապալումը վերագրում է բանակին։ Ավելին՝ նույնիսկ նա չի կարողացել պետությունը տեղափոխել պատերազմական ռելսերի վրա՝ տապալելով ռազմաճակատի կառավարումն ու հանրության մոբիլիզացիան։

Իսկ ինչ վերաբերում է, դաշնակիցներին, ապա ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ երկրները երբևէ սրբազան երդում չեն տվել աջակցել Հայաստանին 7 շրջանները պահելու անիրական և արկածախնդիր ձեռնարկներում։ Միայն ապաքաղաքական տխմարը կարող է կուրորեն ինչ-որ փաստաթղթերի հղում անելով գնալ գործողության, առանց գործընկերների իրական մտադրությունները ճշտելու։

Այսինքն, գործ ունենք մի մեծ ստի հետ, որը ցավոք սրտի ճշմարտություն դառնալու հավակնություն ունի։

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր