Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները:
Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: Առաջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 16-ից:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Փարիզի Օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:
Փարիզ-2024-ին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին: Տեղերը ձևավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ: