Աննա Հակոբյանը Իրանում վստահեցրել է՝ առավելագույնը կանի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը Իրանում վստահեցրել է՝ առավելագույնը կանի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար

Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Հունվարի 18-ին Աննա Հակոբյանը  ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի ուղեկցությամբ հանդիպել է ԻԻՀ նախագահի տիկնոջ՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և ԻԻՀ նախագահի՝ կանանց եւ ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիի հետ։

Աննա Հակոբյանը կարեւորել է թե՛ տարածաշրջանում եւ թե՛ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար կանանց մեկ հարկի տակ հավաքելու եւ խնդրահարույց հարցեր քննարկելու Իրանի առաջին տիկնոջ նախաձեռնությունը։

«Այս համագումարը հայկական կողմի համար կրկնակի կարեւոր է՝ բարեկամ երկրի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու եւ երկկողմ շփումները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից»,– ընդգծել է վարչապետի տիկինը։

Իրանի առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան բարձր է գնահատել Աննա Հակոբյանի ներկայությունը եւ նշել, որ այս համագումարի նպատակը կանանց դերը խաղաղության հաստատման գործում բարձրացնելու համար է։ Իրանի առաջին տիկինը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարդարացնի բոլոր սպասելիքները, քանի որ կանայք սիրո, համերաշխության եւ խաղաղության խորհրդանիշ են։

Աննա Հակոբյանը ներկայացրել է տարիներ առաջ իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Աննա Հակոբյանն ընդգծել է, որ շատ երկրներ են կիսում խաղաղություն, սեր եւ համերաշխություն տարածելու եւ հաստատելու գաղափարը, բայց քիչ են գործուն քայլերը։

«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ապացուցում է, որ խոսքը կարող է գործ դառնալ եւ հույս է հայտնել, որ համագումարը կունենա հստակ արդյունքներ եւ օրինակ կլինի աշխարհի համար։

Աննա Հակոբյանն  իր աջակցությունն է հայտնել և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում ներդրում ունենալու համար։