Հրեական կոնգրեսը Լավրովից ներողություն է պահանջել՝ նախօրեին արված հայտարարության համար
Advertisement 1000 x 90

Հրեական կոնգրեսը Լավրովից ներողություն է պահանջել՝ նախօրեին արված հայտարարության համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պետք է ներողություն խնդրի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ եվրոպական հրեաներին ոչնչացնելու փորձերի հետ համեմատելու համար։ Այս մասին ասված է Եվրոպական հրեական կոնգրեսի հայտարարության մեջ, գրում է iz.ru-ն:

«Մենք ցնցված և ապշած ենք նախարար Լավրովի այս ամոթալի համեմատությունից՝ ժողովրդավարական երկրների կոալիցիայի գործողությունների և Հիտլերի կողմից Հոլոքոստի ժամանակ 6 միլիոն հրեաների հալածանքների և սպանությունների միջև», – ասված է Կոնգրեսի կայքում կառույցի նախագահ Արիել Մուզիկանտի հայտարարությունում:

Նա հավելել է, որ Լավրովի հայտարարությունը հիմնական մակարդակով Հոլոքոստի խեղաթյուրում է և կոչ է արել նրան միանշանակ ներողություն խնդրել ու  հետ վերցնել իր մեկնաբանությունները։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրներին միավորում է ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի վերջնականապես լուծի «ռուսական հարցը»։ Լավրովը Մոսկվայի դեմ կոալիցիա ստեղծելու Վաշինգտոնի գործողությունները համեմատել էր Հիտլերի՝  «հրեական հարցը» լուծելու քաղաքականության հետ:

Ռուսաստանի դեմ ԱՄՆ գործողությունների մասին Լավրովի հայտարարությունից հետո Կանադայում ՌԴ դեսպան Օլեգ Ստեպանովը կանչվել է երկրի ԱԳՆ։ Կանադայի ԱԳՆ ղեկավար Մելանի Ժոլին ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարություններն անվանել է «հակասեմական»։ Իսկ Սպիտակ տունը դրանք որակել է «վիրավորական», «ծիծաղելի» և «անհեթեթ»։

tert.am



Նման նյութեր