Հռոմի Ֆրանցիսկոս պապը միասեռականությունը մեղք է անվանել, սակայն ասել է, որ ոչ ավանդական հարաբերությունները հանցագործություն չի համարում: Նման հայտարարություն նա արել է Associated Press-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի։
«Համասեռամոլ լինելը հանցագործություն չէ: Դա հանցագործություն չէ, այո, բայց դա մեղք է: Լավ, բայց նախ պետք է տարբերել մեղքը հանցագործությունից: Նաև մեղքը միմյանց հանդեպ ողորմության բացակայությունն է», – ասել է հովվապետը։
Նույնասեռականությունը քրեականացնող օրենքները Հռոմի պապն անարդար է անվանել: Նա կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել պայքարել օրենքների դեմ։ Գործակալության տվյալներով՝ ըստ կաթոլիկության ուսմունքի՝ համասեռամոլներին պետք է հարգանքով վերաբերվել, սակայն համասեռամոլ արարքները «բնույթով արատավոր են»։