Հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի արշավորդ Արթուր Գորոյանն է։
Արթուր Գորոյանն իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։
Արթուր Գորոյանն ավելի վաղ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել էր, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը։ «Նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է»,- ասել էր ավտոարշավորդը։
Հետաքրքրական է, որ Աբու Դաբիում Արթուր Գորոյանի վարած «Աուդի»-ին պատկերազարդված էր Հայաստանի դրոշով, իսկ հաղթանակից հետո, ինչպես և խոստացել էր, Արթուրը պոդիում է բարձրացել Հայաստանի դրոշով։
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Արթուր Գորոյանը կժամանի Հայաստան և հայ սպորտասերների հետ կկիսվի ոչ միայն իր ձեռքբերումների, այլև առաջիկա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը նպաստելու իր մտադրությունների մասին։