Աղջկա հազվագյուտ հիվանդությունը ժամանակին չեն հայտնաբերել եւ նրան զրկել են ուտելու հնարավորությունից
Advertisement 1000 x 90

Աղջկա հազվագյուտ հիվանդությունը ժամանակին չեն հայտնաբերել եւ նրան զրկել են ուտելու հնարավորությունից

Բրիտանացի 25-ամյա Էլոիզ Քրիստինը ստիպված խողովակով է սնվում այն բանից հետո, երբ նա ենթարկվել է անհաջող վիրահատությունների, որոնց զրկել են նրան նորմալ ուտելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է Metro-ն։

18 տարեկանում Էլոիզը սկսել է սրտխառնոց ունենալ ամեն ուտելուց հետո: Աղջիկը գնացել է հիվանդանոց, սակայն բժիշկները նրա հազվագյուտ հիվանդությունը չեն նկատել եւ սննդային վարքագծի խանգարում են ախտորոշել։ Մի քանի տարի շարունակ աղջիկը շարունակել է տառապել սրտխառնոցից, իսկ բազմաթիվ հոսպիտալացումներից հետո Քրիստինի մայրը ստիպել է բժիշկներին լրացուցիչ հետազոտություններ կատարել։

Նոր անալիզների արդյունքները ցույց են տվել, որ Քրիստինի մոտ մալրոտացիա է՝ աղիների զարգացման հազվագյուտ բնածին անոմալիա, որի դեպքում աղիները չեն կարողանում նորմալ դիրք գրավել որովայնի խոռոչում։ «Այն ամենը, ինչ ուտում եմ, սրտխառնոց է առաջացնում: Իմ աղիքներն ու ստամոքսը ոլորված են, ուստի սնունդը հասնում է որոշակի տեղ, այնուհետեւ չի կարողանում ավելի առաջ գնալ, եւ ես սրտխառնոց եմ ունենում», – բացատրում է աղջիկը:

Էլոիզին գաստրոստոմիական խողովակ են տեղադրել, որով նա կարող էր ուտել եւ սննդանյութեր ստանալ: Ավելի ուշ նա մալրոտացիայի վերացման երեք վիրահատության է ենթարկվել, բայց դրանք բոլորն էլ անհաջող են անցել։ Արդյունքում աղջիկը ստիպված է խողովակի միջոցով ուտել։

Քրիստինն անինքնավստահ է դարձել, որ չի կարողանում ընկերների հետ սրճարան գնալ։ Աղջիկը խոստովանում է, որ երբեմն իրեն չի տիրապետում եւ ուտում է իր սիրելի ուտեստը, չնայած որ հետո տառապում է սրտխառնոցի նոպաներից։

Բարդ բարոյահոգեբանական վիճակը հաղթահարելու համար Քրիստինը սկսել է բլոգ վարել սոցցանցում։ «Նման խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփվելը շատ ավելի հեշտ է դարձնում այն հաղթահարելը։ Ի վերջո, դրանք մարդիկ են, որոնք հստակ գիտեն, թե ինչ ես դու զգում»,- ասում է նա: Աղջիկը ցանկանում է իրազեկել օգտատերերին եւ ապաքինման հույս տալ բախտակիցներին։

news.am