Ուղիղ 50 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին, 78-ամյա Գուրգեն Յանիկյանն իր արարքով հնչեցրեց Հայ անհատի պատերազմի կոչնակը: Շատ բան արվեց նրա արարքի դրդապատճառները խեղաթյուրելու համար, սակայն հեռատես ծերունին ամեն ինչ նախապես հաշվի էր առել: Ահա թե ինչպիսի վկայություն է թողել իր ,,Բանտարկյալի ձայնը,, կոչվող հուշագրությունում:
,, …1973 թվականի հունվարի 27-ը կմնա պատմության մեջ և ընդմիշտ կապված կլինի իմ անվանը: Երբ արդեն կայացրել էի որոշումս ու հստակեցրել անելիքներս, կազմեցի 113 էջանոց մի գրություն ու բազմացրեցի 10 օրինակով: Այդ գրության 100 էջերը առնչվում էին ամերիկյան իրականությանը, օրենքներին և արտահայտում էին իմ բողոքն առ այն, թե ինչպես են ոտնատակ արվում արդարությունը, օրենքներն ու ինձ տրված խոստումները: Գրության օրինակներն ուղարկեցի նախագահ Նիքսոնին, ,,Թայմս,, շաբաթաթերթին, ,,Նյու Յորք թայմս,, լրագրին, Արդարադատության դեպարտամենտին, ,,Լոս Անջելես թայմս,, և ,,Սանտա Բարբարա նյուզ,, թերթերին, Կոնգրեսին, Սենատին և մի օրինակն էլ պահեցի ինձ: Վերջին 13 էջը, որ նվիրված էր հայության խնդրին, ուղարկեցի հայկական թերթերին: Նշածս հասցեներով ուղարկված 100 էջանոց գրության առաջին երեսը անգլերեն էր, որն ասում էր. ,,Եթե դուք սիրում եք Ամերիկան և ամերիկացիներին, թարգմանել տվեք այս հայերեն գրությունը, հետևություններ արեք ու սկսեք շտկել մեր կյանքի բացասական կողմերը,,:
Իմ անձնական օրինակը դատավարության ժամանակ տվեցի փաստաբան Մինասյանին, որ տա անգլերեն թարգմանելու: Դատավարության ժամանակ բերեց թարգմանությունը՝ հայերենի հետ միասին, սակայն պահեց իր մոտ և մինչ օրս էլ իր մոտ է: Հետո երկու նամակ գրեցի նրան, որ գոնե դրանց պատճեններն ինձ տա ու ես կվճարեմ, բայց այդպես էլ չտվեց: Կասկած չունեմ, որ մի օր պիտի ստանամ իմ այդ գրությունը:
Մի երկար թղթի վրա էլ կոչս էի շարադրել, որը հետագայում դարձավ անհատական պատերազմի գաղափարի հիմնաքարը: Դա էլ պատճենել էի 500 օրինակ և ուղարկել զանազան քաղաքներում բնակվող հայերի, որոնց անուններն ու հասցեները վերցրել էի հեռախոսագրքերից: Ուղարկել էի փոստով ու այնպիսի հաշվարկով, որ ստանան հունվարի 27-ի երեկոյան, այսինքն, երբ գործողությունն արդեն ավարտված կլիներ: Գիտեմ, որ շատ ընթերցողներ ծանոթ չեն այդ գրությանս, ուստի հարկ եմ համարում ներկայացնել այստեղ:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
Այս նամակը խիստ կարևոր է, որովհետև կապված է ՀԱՅ ԴԱՏԻ հետ, որը ավելի քան 50 տարի տանջում է ամեն ճշմարիտ հայի միտքն ու հոգին:
Կասկած չունեմ, որ քո հարազատներից ոմանք զոհ են դարձել բարբարոս գազաններին, որոնց մարդկությունը ,,թուրք,, է անվանում: Նրանք նախօրոք կազմած ծրագրով մեր ցեղակիցներից երկու միլիոնին ոչնչացրին և զավթեցին մեր հողերն ու վեց միլիարդ դոլարի արժողությամբ ունեցվածք: Նրանց հաջողվեց այդ ոճրագործությունը, որովհետև կային ազգեր, որոնք օգնում էին:
Կային և ազգեր, որոնք, քողարկելով իրենց կեղծավոր դեմքերը, մարդկության անունից հայությանը համբերություն էին քարոզում, և մինչև այսօր էլ նույնն են անում:
Ազնվություն, արդարություն ու պատիվ բառերը շատ ազգերի համար արդեն կորցրել են իրենց բուն իմաստը:
Բոսֆորի ափի ոճրագործ գազանների կառավարությունը շատ երկրների լրատվամիջոցներում և նախագահների ճառերում գնահատվում է որպես արժանավոր կառավարություն, որն իբր քայլում է մարդկային եղբայրության շարքերում և արժանի է օգնության: Փառաբանում են ոչ միայն նրանց ներկան, այլև նրանց անցյալը, և աշխատում մոռացության քողով ծածկել արյունով ներկված նրանց ուղին:
Երբ մեր ներկա կյանքը ցույց է տալիս, որ միայն ուժն արժեք ունի աշխարհում, ուրեմն ի՞նչ իրավունք ունենք հայ անհատներս որպես դոնքիշոտներ սավառնել երկնքում՝ աղերսելով արդարություն և իրավունք:
Հայկական հարց գոյություն չունի: Դա ցնորք է և ինքնախաբեություն:
Գոյություն ունի ՀԱՅ ԱՆՀԱՏԻ՛ հարցը, որովհետև քո և իմ նախնիներին են թալանելով սպանել… Մեր մայրերին են բռնաբարել ու գերեվարել:
Հայ անհատն է, որ վերջապես զարթնելով երկար քնից, պետք է անհատապես ներկայացնի իր պահանջները տաճիկ գազաններին, ու ներկայացնի այնպիսի լեզվով, որ նրանց հասկանալի լինի:
Ոչ ազգը, ոչ երկիրը, ոչ եկեղեցին և ոչ էլ միությունները, ինչպիսի անվան տակ էլ որ հանդես գան, կապ չունեն այս նոր ձևի պատերազմի հետ:
ՀԱՅ ԱՆՀԱ՛ՏՆ է պատերազմ հայտարարել տաճիկ գազաններին, և շարունակելու է այն՝ մինչև վերջնական հաղթանակ:
Նեմեսիս դարձած ՀԱՅ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ հարկավոր չեն պատերազմի դաշտեր, ատոմային ռումբեր… Նրանց բավական է իրենց կամքն ու ձգտումը՝ պահանջելու և տիրանալու իրենց իսկ իրավունքներին:
ՀԱՅ ԱՆՀԱՏԸ ստեղծելու է մի այնպիսի դրություն, որ վայրենի տաճիկը ոչ մի հնարավորություն չունենա հարաբերվելու ուրիշ ազգերի հետ՝ ամբողջ երկրագնդի վրա: Տաճիկ կոչվող կառավարության ներկայացուցիչները ոչնչացվելու են ամեն տեղ, ամեն երկրում անխտիր, ինչ անվան տակ էլ որ հրապարակ գան:
Աշխարհում ապրող թուրք ցեղի հասարակ ներկայացուցիչների հետ մենք գործ չունենք, նրանք չեն Հայ անհատի թիրախը: Մեր գործը տաճիկ կոչվող կառավարության ու նրա ներկայացուցիչների հետ է լինելու, ամենուրեք՝ որտեղ նրանք հանդես գան:
Երբ այս նամակը կարդաս, ես, որպես հեղինակը այս նոր տեսակի պատերազմի, արդեն անցած կլինեմ գործի: Ես լինելու եմ առաջինը և օրինակ՝ շատ շատերի համար: Կասկած չունեմ, որ ինձ նման մտածողների ցանկը կարճ չի լինի: Կասկած չունեմ, որ ամեն մի հայ պիտի աշխատի տարածել այս նոր ձևի պատերազմի գաղափարը, և անհրաժեշտության դեպքում ՀԱՅ ԱՆՀԱՏԸ օգնելու է ՀԱՅ ԱՆՀԱՏԻՆ:
Կասկած չունեմ նաև, որ նամակիս ծրարում գտնվող լրացուցիչ օրինակները կտարածես այլ վայրերում,,:
ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ,
Նեմեսիս դարձած մի հայ անհատ,
հեղինակը նոր ձևի պատերազմի:
27. 01. 1973թ. (ստորագրություն):
Կարո Վարդանյանի ֆեյսբուքյան էջից