Արամեն շուտով իր երկրպագուներին ևս մեկ աշխատանք կնվիրի: Վերջին օրերին նա նկարահանել է իր նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա շատ շուտով:
Թեև երգիչն այս օրերին զբաղված է եվրոպական երկրներում համերգային շրջագայություններով, սակայն մեծ զբաղվածության արդյունքում անգամ հասցրել է փոքրիկ զրույց ունենալ Life.panorama.am-ի հետ:
«Նոր երգս լիրիկ ոճում է, որի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերը գրել է Աննա Հովերը: «Я Кричу» երգը պատմում է մի սիրո պատմության մասին, որը շատերին ծանոթ կլինի. երգի բովանդակության հիմքում ընկած է այն գաղափարը, որ կան սխալներ, որոնք շտկելի չեն: Պետք է հիշել, որ կյանքում կան քայլեր ու խաչմերուկներ, որոնք սխալ անցնելու դեպքում ուղղել հնարավոր չէ, ուստի յուրաքանչյուր քայլ անելիս, պետք է շատ լուրջ մտածել»,- պատմեց Արամեն:
Այս երգն Արամեի արդեն երկրորդ աշխատանքն է, որ ռուսերենով է ներկայացնում, երգիչը մտադրություն ունի լուրջ ու հաստատուն քայելով մտնել ռուսական շոու բիեզնես.
«Չեմ թաքցնում, որ ցանկություն ունեմ մուտք գործել ռուսական շոու բիզնես. Այս առումով առաջին հաջող քայլերն արված են: Իմ տեսահոլովակներն արդեն իսկ ցուցադրվում են ռուսական տարբեր ալիքներով. Իհարկե, ոչ բոլոր հեռուստալիքներով, բայց դա, կարծում եմ, ժամանակի հարց է: Այս տեսահոլովակը նույնպես կփորձենք ներկայացնել առաջինը RU TV-ով»,- նշեց սիրված երգիչը:
Խոսելով նոր տեսահոլովակի մանրամասներից՝ Արամեն նկատեց.
«Համագործակցել եմ ռուս ռեժիսոր Պավել Գլազկովի հետ: Ես փորձել եմ չմիջամտել ու թողնել, որ ռեժիսորն ինքն իր մտքերով կառուցի տեսահոլովակը: Քանի որ նա ազգությամբ ռուս է, փորձել է իր ձևով մոտենալ և իրականացնել այս սիրո պատմությունը»:
Մարտի 10-ին Կրեմլում կկայանա Արամեի սպասված մենահամերգը: Երգչի խոսքով՝ այդ օրը հանդիսատեսին մեծ անակնկալներ են սպասվում.
«Ինձ ու հանդիսատեսին շատ ուրախ օր է սպասվում: Այդ օրը ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ ու նաև հուզեմ ներկաներին: Կլինեն նոր երգեր, զուգերգներ ինչպես հին, այնպես էլ դեռևս չլսված: Ի դեպ՝ այդ օրն ինձ հետ բեմում կլինեն Հայաստանի և Ռուսաստանի երգչուհիներից մի քանիսը, քանի որ համերգը նվիրել եմ կանանց մեկամսյակին»,- հավելեց Արամեն:
Վերջում, հետաքրքրեվելով, թե մեծ զբաղվածություն ունենալով ինչպե՞ս է հասցնում ժամանակ տրամադրել ընտանիքին ու ի՞նչ զգացողություններ ունի հիմա, երբ շուտով հայրիկ է դառնալու, պատասխանեց.
«Աշխատանքն իր հերթին, սակայն ընտանիքն ինձ համար առանձին ու շատ կարևոր տեղում է: Իհարկե, երբեմն ժամանակս չի բավականացնում, որ լիարժեք տրամադրվեմ ընտանիքիս, բայց ամեն ինչ անում եմ: Ինչ վերաբերվում է հայրիկ դառնալուն՝ միայն կասեմ՝ Փառք Աստծուն, ես շատ ուրախ եմ»: