11–ամյա Տիգրան Գաբրիելյանը Արցախի Ասկերանի շրջանից է։ Նա համացանցում սեփական բլոգն ունի։ Ի սկզբանե բլոգը ստեղծվել էր, երբ Տիգրանը որոշել էր շնորհավորել ծանոթ ու անծանոթ կանանց ու մայրերին ապրիլի 7-ի առթիվ։ Առաջին տեսանյութի հաջողությունից ոգևորված՝ Տիգրանը բլոգի միջոցով սկսեց պատմել հայրենի Արցախի մասին։
«Իմ բլոգի հիմնական նպատակը Արցախը ավելի հայտնի դարձնելն է։ Շատ մարդիկ կան, որոնց ասում ես «Արցախ», չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, կամ բարբառով ինչ–որ բառեր ես ասում, չեն հասկանում։ Ես իմ բլոգով ժողովրդին ծանոթացնում եմ Արցախի, Արցախի բարբառի հետ, ինչու չէ՝ նաև հետաքրքիր կատակներ ենք անում արցախի բարբառով»,– պատմում է Տիգրանը։
12 հազար հետևորդ ունեցող բլոգը Տիգրանի ամենասիրելի զբաղմունքն է։ Պատմում է՝ դասերից, դպրոցից հետո ազատ ժամանակը հենց բլոգին է նվիրում։ Դեկտեմբերի 12-ից՝ Արցախի բլոկադայից հետո, սակայն, ոչ միայն Տիգրանի առօրյան է փոփոխվել, այլև բլոգի բովանդակությունը։
Սիրելի հետևորդներ բլոկադային ողջույններ բոլորին, ինչպե՞ս եք։ Գիտեմ, որ հիմա բոլորիս համար շատ դժվար ժամանակ է, բայց ես որոշել եմ մի փոքր ուրախություն պարգևեմ ձեզ։
Սա էլ պայքարի իմ ձևն է՝ ասում է 11–ամյա պատանին։ Հենց բլոկադայի առաջին օրերից որոշել էր դժվար պահին հայրենակիցներին իր անսպառ հումորով ոգևորել, հետո արձագանքից հասկացել էր, որ մարդիկ դրական էմոցիաների կարիք շատ ունեն։
Պատանի բլոգերը «Ռադիոլուրին» ասում է՝ իր կարծիքով շրջափակումից հետո արցախցիները ավելի են մտերմացել, մեկը մյուսին օգնում է․ ով հողագործությամբ է զբաղվում, իր այգու բերքից անպայման մյուսներին էլ հյուրասիրում է։ Դպրոցի փակ լինելու օրերին էլ ուսուցիչների հետ առցանց են շփվում, փորձում են դասերից հետ չմնալ։
«Վերջերս մարդկանց տրամադրության վրա բլոկադան ավելի շատ է սկսել ազդել, քանի որ խանութներն ավելի դատարկ են, մարդիկ ժամերով հերթեր են կանգնում, որ սնունդ կամ դեղորայք գնեն։ Բայց աշխատում ենք մեկս մյուսին էլ օգնել, Արցախում սեր ու հավատ կա, որը բոլորին օգնում է»,– ասում է Տիգրան Գաբրիելյանը։
Նա հատկապես այս օրերին բոլորին հրավիրում է միանալ իր բլոգին, արտերկրում ապրող հետևորդներին էլ կոչ է անում՝ շատ խոսել արցախի ու շրջափակման մեջ ապրող մարդկանց մասին։
Բլոկադա․ իրավիճակ, որի պայմաններում ընտանիքի տարբեր անդամներ գտնվում են փակ ճանապարհի տարբեր կողմերում, երբ ուտելիքը պակասում է, էլեկտաէներգիան չկա, գազի լինելը վտանգի առաջ է կանգնած։ 120 հազարից ավելի մարդ կանգնած է հումանիտար աղետի առջև, երբ 120 հազար մարդ գտնվում է հոգեբանական ճնշման տակ։ Իրավիճակ, որի ժամանակ ինձ նման արցախցինրը միավորվում են։ Ձեզ շատ սիրում եմ, պինդ եղեք, ուժեք եղեք, լավ եղեք։