ՀՖՖ-ն՝ կանանց Հայաստանի հավաքականի ավագի սկանդալային հայտարարության մասին
Advertisement 1000 x 90

ՀՖՖ-ն՝ կանանց Հայաստանի հավաքականի ավագի սկանդալային հայտարարության մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Օլգա Օսիպյանի հայտարարությանը։ Ավելի վաղ ուկրաինական «Ժիլստրոյ-2» ակումբի 27-ամյա կիսապաշտպանը հայտարարել էր, որ ժամանակավոր հեռանում է ազգային թիմից։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մեկնաբանել կանանց ազգային հավաքական երբևէ հրավիրված որևէ ֆուտբոլիստուհու կամ թեկնածուի՝ իրականությանը չհամապատասխանող որևէ հայտարարություն»,- VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։

VNews-ի տեղեկություններով, ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը կոնֆլիկտ չունի Օլգա Օսիպյանի հետ։

Ավելի վաղ Օլգա Օսիպյանը սոցցանցերում կատարել էր հետևյալ գրառումը․

«Հարգելի ընկերներ,

Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները կանանց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։

Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։

Բոլոր իմ խաղընկերներին, ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում, մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»։

Հիշեցնենք, որ Օլգա Օսիպյանը խաղացել է նաև Հայաստանի Մ17 և Մ19 հավաքականներում։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը նորամուտը նշել էր 2011 թվականին։

vnews.am