Բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրը` փետրվարի 9-ին, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գրողի ծոռան՝ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը:
1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին հանձնարարել նկարագրել Հայոց ցեղասպանությունը: Երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում: Դրանք մեծ ազդեցություն են ունեցել Վահան Տերյանի հետագա կյանքի և գործունեության վրա:
«Տերյանը մեծ նախաձեռնություն է իրականացրել: Որբանոցում գտնվող 8-ից 15 տարեկան երեխաները տառասխալներով, մանկական լեզվով նկարագրել են իրենց կյանքը և առօրյան ցեղասպանության ժամանակ: Կարծում եմ` սրանք Հայոց ցեղասպանության մասին պատմող ամենահուզիչ վկայագրերն են: Գրքում ներառվել է 24 երեխայի 34 նամակ, որոնք չեն խմբագրվել»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը: