«Բեմից իջել եմ և գնացել ծննդատուն». Մաշ Իսրայելյանը՝ առաջնեկի ծննդյան, հետծննդաբերական շրջանի և դստեր ինստագրամյան էջի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բեմից իջել եմ և գնացել ծննդատուն». Մաշ Իսրայելյանը՝ առաջնեկի ծննդյան, հետծննդաբերական շրջանի և դստեր ինստագրամյան էջի մասին

Երգչուհի Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 21-ին և առաջնեկի ծնունդից 40 օր անց երգչուհին հրապարակել է դստեր՝ Աննայի լուսանկարները: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշ Իսրայելյանը պատմել է առաջնեկի ծննդյան, հետծննդաբերական շրջանի և աշխատանքի վերադառնալու մասին:

«Անկեղծանամ, որ մինչև առաջնեկիս ծնվելն աշխատել եմ և ծննդատուն գնացել ենք, երբ իջել եմ բեմից: Զգացողություն ունեի, որ դուստրս այդ օրը շատ ակտիվ է եղել և ամուսնուս ասեցի՝ արի գնանք ծննդատուն, որից հետո բժիշկներն ասեցին, որ երեխան լույս աշխարհ է գալիս: Մեր առաջնեկը՝ Աննան ծնվել է ինչպիսին պատկերացնում էինք: Դուստրս իսկական տիկնիկի է նման, սիրուն շրթունքներով, գեղեցիկ և կապույտ աչուկներով: Ուզում եմ՝ բոլորը զգան այս բերկրանքն ու հասկանան, թե ինչ հրաշքի մասին եմ ես խոսում»,- ասաց Մաշ Իսրայելյանը:

Երգչուհին նշեց, որ երեխային պահում և մեծացնում է սիրով, իսկ 2 ամիս անց սկսել է աշխատել և բեմել:

«Առաջին օրերին իրականում դժվարանում էի, երբ երեխան սկսում էր լացել, ես էլ էի սկսում հուզվել, լացել, իսկ հետագայում ես շատ ընտելացա կարգավիճակին՝ հասկանալով, թե ինչ է ուզում երեխան: Երբ հարցնում են՝ ինչպիսի երեխա է միշտ ասում եմ՝ երեխա է, որը մի օր ակտիվ է, մի օր հանգիստ, բայց իրեն մեծացնելը հաճույք է: 2 ամիս անց ես սկսել եմ աշխատել, իսկ այդ հարցում մայրիկս և սկեսուրս օգնում են»,- նշեց երգչուհին:

Մաշ Իսրայելյանը նաև պատմեց, թե ինչպես է ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանն իրեն զգում հայրիկի կարգավիճակում:

«Ես գիտեի, որ Գարիկը շատ հոգատար է լինելու, շատ լավ հայր, բայց չէի պատկերացնում, ոչ այսչափ ուշադիր կարող է լինել, երբ անգամ ես եմ քնած և չեմ լսում երեխայի ձայնը նա արթնանում է, իսկ հետագայում ինձ արթնացնում»,- ասաց նա:

Երգչուհին նաև հավելեց, որ որպես արտիստ նրա համար կարևոր է եղել արագ վերականգնվելը և աշխատելը:

«Դեռևս նախորդ հարցազրույցի ժամանակ հիշատակել էի, որ չեմ վախենում վերականգնողական շրջանից, գիտեի՝ արագ եմ վերականգնվելու և այդպես էլ եղավ: Եթե իմանայի, որ երեխան այպիսի հրաշք է, ավելի շուտ կմայրանայի»,- ասաց Մաշ Իսրայելյանը:

Երգչուհու դուստրը՝ Աննան արդեն ունի իր ինստագրամյան էջը և երգչուհին պատմեց դստեր լուսանկարները հրապարակելու մասին:

«Սկզբում մտավախություններ ունեինք, չէինք ցանկանում լուսաբանել, բայց այժմ չկան մտավախություններ, քանի որ Աստծո պահած երեխան է և հնարավոր չէ «աչքով տալ»: Որոշեցի իր համար էջ բացել, որտեղ կլինեն իր լուսանկարները և հոլովակները, որոնք ես կհրապարակեմ»,- նշեց նա:

tert.am