Մոտ 20 տարի առաջ դերասան Դեւիդ Հեդիսոնն իր դստեր՝ Սերենայի հետ հյուրընկալվել էր StoryCrops-ում, որտեղ պատմել էր, որ դերասան դառնալու համար ստիպված էր եղել վիրահատել քիթը։ Օրերս Սերենան իր քրոջ՝ Ալեքսի հետ, կրկին այցել էր StoryCrops` բացահայտելու հոր քթի գաղտնիքը։
«Ես ցանկանում էի դառնալ դերասան, բայց ես գիտեի, որ ստիպված էի լինելու շատ պայքարել իմ հայկական քթի պատճառով։ Այդ օրերին աշխատանք ստանալու համար դու պետք է նման լինեիր «հարեւանությամբ ապրող» այն տղային»,– իր հարցազրույցում ասել էր Հեդիսոնը։
Դերասանի դուստրը, անդրադառնալով հոր՝ տարիներ առաջ տված հարցազրույցին, նշել է,- «Ես, իսկապես, զարմացած էի, քանի որ նա տանը այդ մասին չէր խոսում։ Ես հասկացա, որ ինչ-որ բան տարբեր է, երբ տատիկիս տանը գտա նրա հին լուսանկարներն ու մտածեցի՝ մի՞թե սա հայրիկն է։ Այդ ժամանակ ինքս ինձ ասացի՝ լավ, գուցե, նրա քիթը ժամանակի ընթացքում փոխվել է, ինչպես ինքն էր ինձ ասում, երբ 12 տարեկանում ժամերով կանգնում էի հայելու առաջ ու հասկանում, որ դեմքիս վրա միայն քիթս է երեւում։ Հիշում եմ՝ այդ ժամանակ հարցրի նրան՝ արդյոք կարո՞ղ եմ վիրահատության դիմել։ Նա, սակայն, չասաց, որ ժամանակին իրեն էլ դուր չէր գալիս իր տեսքը։ Պարզապես, ծիծաղեց ու ասաց՝ «Սիրելիս, դու սարսափելի քիթ ունես»՝ ասես փորձելով հավելել, որ մի օր լավ կլինի։ Այդ պահից սկսած ես այլեւս չմտածեցի պլաստիկ վիրահատության մասին»։
Դերասանի կրտսեր դուստրը՝ Ալեքսը, նշել է, որ ինքն էլ է ժառանգել հոր քիթը,- «Ես տեսնում եմ նրան իմ բոլոր շարժումների մեջ, երբ ստիպում եմ մարդկանց ծիծաղել, որովհետեւ ուզում եմ, որ մյուսներն էլ զգան դա»։
Դեւիդ Հեդիսոնի լրիվ անունը Ալբերտ Դեւիդ Հեդիսյան է։ Նրա երկու ծնողներն էլ հայեր էին։ Դերասանը հայտնի է դարձել «Ճանապարհորդություն դեպի ծովի ընդերքը (1964-1968)» եւ Ջեյմս Բոնդի մասին պատմող երկու ֆիլմերից՝ «Ապրիր կամ թող մեռնեմ (1973)» եւ «Սպանության արտոնագիր (1989)»: Հեդիսոնը մահացել է 2019 թ-ին՝ 92 տարեկան հասակում։