Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց Երևան քաղաքի Նոր Արեշ 18 փողոցի բնակիչ, 29-ամյա Արտակ Սախոյանը իր վարած Nissan Teana մակնիշի 90 GO 090 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Մասիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արայիկ Մանվելյանի վարած MAN մակնիշի 531 ՕV 61 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սախոյանն ու նրա ուղևոր՝ 31-ամյա Իվետա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Քոչարյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ MAN-ի վարորդ Ա. Մանվելյանն աշխատում է «Սանիթեք» ընկերությունում՝ որպես վարորդ և նա ավտոմեքենան կայանել էր թույլատրելի հատվածում ու միացված են եղել անվտանգության լուսարձակները, հետևաբար, Nissan-ի վարորդը պետք է նկատած լիներ դա։ Վ. Սարգսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդն ու ուղևորուհին պարող և պարուհի են, ովքեր աշխատում են Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջությամբ՝ shamshyan.com