«Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսագիտական համալսարան»-ի ռեկտորի գործով նախաքննությունն ավարտվել և գործն արդեն դատարանում է: Ռեկտորն ամբաստանվում է եղբայրներ Հովհաննիսյաններին առանց դասերին մասնակցելու քննություններ հանձնելու ավարտական դիպլոմ տրամադրելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Լաուրա Մկրտչյանը հանդիսանալով «Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսագիտական համալսարան» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար, նույն համալսարանի ռեկտոր, 2016թ. մարտ ամսին համաձայնության է եկել նույն ԲՈւՀ-ից դեռևս 2004թ. 4-րդ կուրսի ուսումնական 1-ին կիսամյակից դուրս մնացած ուսանող Գոռ Հովհաննիսյանի և վերջինիս եղբոր` Սևակ Հովհաննիսյանի հետ` առանց դասընթացներին մասնակցելու, ընթացիկ քննությունները, ստուգարքները և ավարտական պետական քննությունները հանձնելու Գոռ Հովհաննիսյանին «իրավագիտություն» մասնագիտությամբ պետական նմուշի ավարտական դիպլոմ տրամադրելու վերաբերյալ, որի դուրս գրման և դրա հիմքերի ստեղծման համար, որպես առևտրային կաշառք պահանջել և ստացել 900.000 ՀՀ դրամ:
Լաուրա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով և 214-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: