Study.com կրթական պորտալը հարցում է անցկացրել ամերիկյան տարբեր քոլեջներից ավելի քան 1000 ուսանողների շրջանում և պարզել, որ նրանք իրենց ուսման մեջ բավականաչափ ակտիվ կիրառում են արհեստական բանականությամբ գործող ամենատարբեր ծրագրեր։ Խոսքը մասնավորապես ChatGPT տեքստային չաթ բոտի մասին է, որը հայտնի է իր հասանելիության շնորհիվ։
Հարցման համաձայն՝ ուսանողների մոտավորապես 50%-ը կանոնավոր կերպով այս հավելվածին հանձնարարում է շարադրություններ գրել իրենց համար, իսկ 48%-ը այն օգտագործում է տնային առաջադրանքների թեստերը լրացնելու համար: Եվս 22%-ը խոստովանել է, որ առանց ԱԲ-ի օգնության նույնիսկ չի ստանձնում հոդվածի պլան կազմել։
Study.com-ի հետազոտության մեթոդաբանությունը հարցեր է առաջացրել փորձագետների մոտ, սակայն այն փաստը, որ ուսանողները զանգվածաբար օգտագործում են ԱԲ-ն իրենց ուսումնական գործընթացում, այլևս զարմանալի չէ: Չաթ-բոթերը կարճ ժամանակում դարձել են ուսումնական գործընթացի անբաժանելի մասը, թեկուզ ոչ պաշտոնական: Եվ դրանում է հիմնական խնդիրը. ԱՄՆ մանկավարժական համայնքը դեռևս հստակ և հիմնավորված որոշում չի ընդունել՝ արդյո՞ք անհրաժեշտ է արգելել ԱԲ-ի այդչափ ներգրավվածությունը կրթական ոլորտում, թե ոչ։
Առաջին հայացքից տրամաբանական է, որ եթե ԱԲ-ն աշակերտի փոխարեն առաջադրանքներ կատարի, վերջինիս ինտելեկտուալ կարողությունները չեն զարգանա, կամ նույնիսկ կսկսեն նվազել։ Մյուս կողմից, մարդկությունը հնարավոր բոլոր ոլորտներում ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք պարզեցնում են տարբեր խնդիրների կատարումը։ Ժամանակին հաշվիչը համարվում էր անընդունելի օգնություն դպրոցական հաշվարկներում, իսկ համակարգիչների օգնությամբ արվող գրառումները քննադատում էին այն պատճառով, որ տեքստային խմբագրիչները ուղղում էին դրանցում առկա սխալները՝ օգտագործելով ներկառուցված բառարանները:
ԱԲ-ն արգելելն օբյեկտիվ պատճառներով անհնար է, մանավանդ որ ուսանողներն իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ԱԲ-ի աշխատանքի արդյունքները չտարբերվեն իրենցից: Բայց մյուս կողմից սա հսկայական պլյուս է, քանի որ այս կերպ նրանք օգնում են զարգացնել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն ընդհանրապես։ Ուստի մի շարք գիտնականներ խորհուրդ են տալիս ընդունել անխուսափելին և մշակել դասավանդման նոր մեթոդներ, որոնք թույլ կտան ուսանողներին զարգացնել իրենց հմտությունները՝ օգտագործելով ԱԲ-ն:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը