Քաղցկեղից բարձր մահացության պատճառներից մեկը, դրա ոչ ժամանակին ախտորոշումն է։ Մասնագետները տասնամյակներ շարունակ ուսումնասիրում են քաղցկեղի ամենավաղ փուլերում դրա ախտորոշման արդյունավետ միջոց գտնելու հնարավորությունը։
Քաղցկեղի ախտորոշման տեխնոլոգիաները, որոնք ներկայումս կիրառվում են, հեռու են իդեալական լինելուց։ Օրինակ, բիոպսիան (կենսազննումն) և կոլոնոսկոպիան ունեն շատ նեղ կիրառություն՝ դրանք կիրառվում են միայն այն դեպքում, երբ արդեն կա քաղցկեղի կասկած մարմնի այս կամ այն հատվածում: Սպիտակուցների և պեպտիդների որոնման վրա հիմնված ախտորոշումը նույնպես ունի իր թերությունները, օրինակ՝ այն կարող է ցույց չտալ քաղցկեղը վաղ փուլերում։
Գիտությանը վաղուց հայտնի է, որ ուռուցքային բջիջները պարունակում են որոշակի ցնդող օրգանական միացություններ (Volatile organic compounds -VOCs), այլ կերպ ասած՝ դրանք ունեն որոշակի հոտ։ Ընդ որում, այդ հոտը կարող են զգալ կենդանիները, օրինակ՝ շները, որոնք ունեն շատ զգայուն հոտառություն: Որոշակի վերապատրաստումից հետո այս կենդանիները բժիշկներին օգնում են ախտորոշել հիվանդներին:
Բայց ինչո՞ւ շները լայնորեն չեն օգտագործվում քաղցկեղը ախտորոշելու համար: Փաստն այն է, որ անհրաժեշտ հոտը գտնելու համար հազարավոր նմուշներ հոտոտելը շատ դժվար է նույնիսկ շան համար։ Բացի այդ, շներին վարժեցնելը պահանջում է բավականաչափ շատ ժամանակ և ջանք, ինչը նշանակում է, որ դա թանկ ընթացակարգ է:
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ավելի հուսալի և պարզ ախտորոշիչ մեթոդ մշակել: Գիտնականների կարծիքով՝ մրջյուններն ավելի արդյունավետ և էժան այլընտրանք են շներին, որոնց կարելի է նույնպես վարժեցնել քաղցկեղը հայտնաբերելու համար։
Մրջյունների կյանքում հոտառությունը կարևոր դեր է խաղում: Այս միջատները քիմիական ազդանշաններ են օգտագործում գրեթե ամեն ինչի համար՝ սնունդ գտնելու, այլ մրջյուններին տարբերելու, սեփական գաղութի մրջյուններին պաշտպանելու և այլն:
Հիմնականում այս «քիմիական հաղորդակցության» շնորհիվ է, որ մրջյունները կարողանում են ոչ միայն թագուհիների և աշխատողների բարդ համայնքներ ստեղծել, այլև գործել սինխրոն։
Մրջյունները, ի տարբերություն շների և այլ կենդանիների, քիթ չունեն։ Դրանց ընկալիչները տեղակայված են բեղիկների վրա: Փորձերի ընթացքում հեղինակները վարժեցրել են Formica fusca տեսակի տասնյակ մրջյունների՝ օգտագործելու այս հոտառական ընկալիչները կրծողների մեզի միջոցով ուռուցքները հայտնաբերելու համար: Այս մրջյունները պատահական չեն ընտրվել․ հայտնի է, որ դրանք լավ հիշողություն ունեն և հեշտ են մարզվում:
Փորձի համար գիտնականները մկներին փոխպատվաստեցին մարդու կրծքագեղձի քաղցկեղի բջիջների նմուշները: Հետո նրանք վարժեցրեցին մրջյուններին տարբերել հիվանդ կրծողների մեզը՝ շաքարավազի հետ ասոցիատիվ կապ ստեղծելով: Արդյունքում լաբորատոր պայմաններում մրջյունները սկսեցին տարբերել առողջ մկների մեզը հիվանդներից՝ վերջինիս մոտ 20%-ով ավելի շատ ժամանակ անցկացնելով։
Ըստ հեղինակների հաջողության գաղտնիքն այն է, որ մրջյունները պարզապես ցանկանում են շաքարավազ ուտել: Հետազոտության հեղինակները գոհ են իրենց աշխատանքի արդյունքներից։ Նրանք վստահ են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի զանգվածաբար օգտագործել մրջյունները՝ որպես էժան և արդյունավետ կենսադետեկտորներ, որոնք կարող են հիվանդների մեզի միջոցով հայտնաբերել քաղցկեղը ։
Մրջյուններին վարժեցնելը շատ ժամանակ չի պահանջում։ Այնուամենայնիվ, դեռևս պետք է իրականացվեն մի շարք ուսումնասիրություններ, որպեսզի վերջնականապես հաստատվի այս մեթոդի արդյունավետությունը։
Առաջնահերթ պետք է պարզել, թե ինչպես են մրջյունները արձագանքում կողմնակի գործոններին, ինչպիսիք են հիվանդի սննդակարգը կամ տարիքը: Հաջորդիվ գիտնականները պետք է վարժեցնեն մրջյուններին իրական հիվանդների մոտ քաղցկեղ հայտնաբերելու համար: Իհարկե, իդեալական կլիներ, եթե մրջյունները ճանաչեին քաղցկեղը նախքան դրա հայտնվելը, բայց նույնիսկ հիվանդության վաղ փուլում ախտորոշումը կօգնի զգալիորեն նվազեցնել մահացությունների թիվը:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը