Ընտանիքում 3-րդ և հաջորդիվ ծնված երեխաների դեպքում դրամական աջակցության վճարը կփոխվի
Advertisement 1000 x 90

Ընտանիքում 3-րդ և հաջորդիվ ծնված երեխաների դեպքում դրամական աջակցության վճարը կփոխվի

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում փոփոխություն և լրացումներ կատարեց ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում։

Հիմնավորման համաձայն՝ գործող կարգում հստակեցված չեն բանկը փոխելու, ինչպես նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի վերականգնմանն առնչվող կարգավորումները, կանոնակարգված չէ նաև այն դեպքը, երբ մի ծնողի կողմից դրամական աջակցություն ստանալուց հրաժարվելու արդյունքում աջակցությունը հնարավոր լինի նշանակել մյուս ծնողին։

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին։ Բանկը փոխելու դիմումը ծնողը կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ դրամական աջակցության վճարումը դադարեցված չէ։

Առաջարկվում է նաև հստակեցնել, որ եթե ծնողը (ում նշանակվել է դրամական աջակցություն) նոտարական հայտարարություն ներկայացնի՝ աջակցություն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին, ապա մյուս ծնողի գրավոր դիմումի հիման վրա դրամական աջակցություն վճարելը կվերսկսվի, եթե այդ ծնողը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում է կարգով սահմանված պայմաններին։

Ընդ որում, նախատեսվում է, որ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կվերականգնվի 6 ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում՝ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։



Նման նյութեր