Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ ու ըմպելիքներ, որոնք շատ ավելի վնասակար են ատամների համար, քան մյուսները։ Դրանց շարքին են դասվում քաղցրավենիքը, սպիտակ գինին, ու գազավորված ըմպելիքները։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ատամնաբույժ-թերապևտ Ռոման Կորոլյովը։
Բժշկի խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ սննդամթերքի այս տեսակները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչի արդյունքում դրանց հաճախակի օգտագործումը հանգեցնում է էմալի վնասմանը, որն էլ դառնում է կարիեսի պատճառ։ Բացի այդ, բակտերիաները, որոնք լինում են յուրաքանչյուր մարդու բերանի խոռոչում, վերածում են շաքարը թթվի, որը քայքայում է ատամները։
Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել քաղցր մթերքից ու ըմպելիքներից կամ առնվազն ողողել բերանի խոռոչը դրանց ընդունումից հետո։ Ատամները կանոնավոր լվանալը ևս կօգնի պաշտպանել ատամները շաքարի վնասակար ազդեցությունից։
Ինչ վերաբերում է սպիտակ գինուն, ապա այս ըմպելիքը ատամների էմալի վրա միկրոճաքեր է առաջացնում, քանի որ պարունակում է թթուներ, որոնք բարձրացնում են դրա զգայունությունը ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ։
Վերոնշյալներից բացի, մասնագետն ատամների համար վնասակար սննդամթերքի տեսակների շարքին է դասել նաև թթվային մթերքն ու ըմպելիքները, որոնք ևս հարկավոր է սահմանափակել։