Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 20-ին այցելել էր Հաթայ նահանգ, երկրաշարժի ժամանակ արդեն մեկ այլ նահանգում է եղել, հայտնում է CNN Türk-ը։
«Նա արդեն ավարտել էր իր հանդիպումները և երկրաշարժի ժամանակ արդեն գտնվում էր Քահրամանմարաշ նահանգում, որտեղ նույնպես զգացվել են ցնցումները, բայց ոչ շատ ուժեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը հայտնել էր, որ 20 րոպեում երկրի հարավում՝ Հաթայ նահանգում, 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Գերատեսչության տվյալներով՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դեֆնե շրջանում, իսկ երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, Սամանդաղ քաղաքի շրջանում։
Ըստ Haberturk-ի՝ Դեֆնեում ավերածություններ են, մարդիկ խուճապահար դուրս են վազում փողոցներ։
Նշվում է, որ ցնցումներ են զգացվել նաև Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իսրայելում։
Բացի այդ, ըստ A Haber հեռուստաալիքի, Հաթայ նահանգում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան։