Դեն Բիլզերյանն Ինստագրամի ինքնահռչակ արքան է, 21-րդ դարի Հյու Հեֆները, ով սոցցանցերում հայտնի դարձավ անօդաչու թռչող սարքերի վրա կրակելով եւ մերկ մոդելին տանիքից շպրտելով, գրում է The Sun-ը։
Սակայն, Բիլզերյանի փլեյբոյական ապրելակերպը՝ մասնավոր ինքնաթիռներով եւ բիկինիով աղջիկներով, առեղծված է առաջացնում. որտեղի՞ց նրան գումար:
42-ամյա Բիլզերյանը չի ամաչում ցուցադրել իր հարստությունը՝ երբեմն հրապարակելով թղթադրամների հսկայական կապոցների լուսանկարներ: Նրա Instagram-ի էջը լցված է արագընթաց մեքենաների, զբոսանավերի, Վեգասի եւ Լոս Անջելեսի շքեղ առանձնատների ու զենքերի լուսանկարներով: Նա միշտ շրջապատված է բիկինիներով կամ ամբողջովին մերկ սեքսուալ մոդելների ամբոխով։
Լուսանկարներից մեկում մաչոն որպես սեղան օգտագործում է կիսամերկ մոդելին, որպեսզի նշի Կանանց միջազգային օրը: Մեկ այլ նկարում նա 18-ամյա պոռնոաստղ Ջենիս Գրիֆիթին Լոս Անջելեսի իր տան տանիքից նետում է լողավազան: Բայց նա կոտրել է ոտքը բետոնե հատակին եւ դատի է տվել նրան։ Հիմար հնարքը միայն օգնեց Բիլզերյանին նվաճել միլիոնավոր հետեւորդներ եւ դառնալ ինֆլյուսերների իրական թագավորը։
Բացի ոսկե պահպանակներից ու ատրճանակներից, Դենը ցուցադրել է 40 հազար դոլար արժողությամբ կոստյում, որը երբեք չի հագել: Իսկ նրա ավտոտնակում 1,8 միլիոն դոլար արժողությամբ 1965 թվականի Shelby Cobra կա, որը նա չի վարել արդեն երեք տարի: Նա պնդում է, որ իր լիարժեք հեդոնիստական ապրելակերպի շնորհիվ 35 տարեկանում նա երկու սրտի կաթված է ունեցել։ Ինչ-որ պահի նրա հայտնիությունը հանգեցրեց լուրերին, որ նա մտադիր է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:
Սակայն նրա միջոցների աղբյուրը շատ դժվար է պարզել։ Բիլզերյանը պնդում է, որ իր կարողության մեծ մասը (մինչեւ 200 միլիոն դոլար) վաստակել է որպես պրոֆեսիոնալ պոկեր խաղացող։ Նրա խոսքով՝ նա սկսել է դրանով զբաղվել քոլեջում այն բանից հետո, երբ իրեն դուրս են թողել Navy SEAL ուսումնական ծրագրից՝ սպայի հետ կռվելու համար։
Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ սնանկացել է խաղերի պատճառով եւ ստիպված է եղել 750 դոլարով վաճառել իր զենքերը։ Բայց նա օգտագործել է գումարը 10,000 դոլար շահելու համար, իսկ հետո մեկնել Վեգաս եւ շահել 187,000 դոլար: Սա մեկնարկ է հանդիսացել նրա՝ որպես հաջողակ մասնագետի կարիերայի, քանի որ նա սովորել է «ավելի լավ խաղալ»: Թեեւ Բիլզերյանը հազվադեպ է հանդես եկել թոփ մրցաշարերում, նա պնդում է, որ իր հարստությունը վաստակել է միլիարդատերերի հետ մասնավոր խաղերով:
Ամբողջությամբ՝ style.news.am