ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ավստրիացի լեգենդար ալպինիստ և լեռնադահուկորդ Անդի Հոլզերին, որը Հայաստանում մասնակցում է Հայկական լեռնագնացների ասոցիացիայի կողմից կազմակերպված դահուկային տուրին։
Անդին ի ծնե կույր է և աշխարհում երկու կույր ալպինիստներից մեկն է, որ բարձրացել է Էվերեստ և բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթները։
Կիսվելով Հայաստանի մասին իր տպավորություններով՝ լեռնագնացը նշեց․
– Հայաստանն ինձ համար իսկապես հանելուկ է, այն չմշակված ադամանդ է։
Ես պատահական եմ ընտրել Հայաստանը որպես ուղղություն, և օդանավակայանից սկսած հանդիպում եմ հրաշալի և ջերմ մարդկանց։ Հավատացեք, որ 5 զգայարաններից 4-ով ես ավելի լավ եմ ճանաչում և զգում մարդկանց ու նոր երկրները։ Ես շատ բաց մարդ եմ, և երբ բաց ես լինում, աշխարհն ինքն է քեզ առաջարկում բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ։ Հետագայում էլ ես ցանկանում եմ հոգով մնալ այն երեխան, որը հիմա եմ, միայն այդպես կարող եմ բացահայտել աշխարհը։
Ես հիմա զգում եմ, որ բարեկամացել եմ Հայաստանի հետ, մենք երկուսս էլ ապրում ենք բարդ պայմաններում, բայց փորձում ենք լավագույնը տեսնել աշխարհում։ Շատ դեպքերում պետք է անջատել ուղեղը, միացնել սիրտը և անել այն, ինչ ճիշտ ես համարում, ինձ համար դա լեռնագնացությունն է։