Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը:
«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու հարստացնել հայ և համաշխարհային կինոարվեստը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով Վարպետին:
Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև վերջին տարիներին հրատարակված Արտավազդ Փելեշյանի հեղինակային գրքերին ու «Բնություն» ֆիլմին՝ ընդգծելով, որ նրա արվեստը մեզ համար արժանի տեղ է ապահովում համաշխարհային ասպարեզում։
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է, որ Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ցուցադրվում է տարբեր երկրներում՝ ստանալով մեծ արձագանք: «Արտավազդ Փելեշյանը բնապաշտ է, և նա ամեն ինչ գիտի բնության ուժի ու հավերժության մասին»,- եզրափակել է Ա․ Խզմալյանը: