«Քաղցկեղը դեռ դատավճիռ չէ». Խաչանուշ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Քաղցկեղը դեռ դատավճիռ չէ». Խաչանուշ Հակոբյան

«Քաղցկեղը ձևավորվում է երկար ժամանակ, ու ոչ ոք չի պատկերացնում, որ քաղցկեղ ունի. ոչ ցավում է, ոչ շոշափվում, ոչ մի նշան չունի։ Երկար ժամանակ օրգանիզմում ձևավորվում է։ Քաղցկեղը կարող է ձևավորվել հինգ տարում, կարող է ձևավորվել մեկ տարում, թեպետ այնպիսի տեսակ էլ կա, որ տասն օրում կարող է կրծքի մեջ առաջանալ ու տարածվել։ Երբ շոշափելի է դառնում՝ արդեն ուշ է լինում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (ՀԱԱԿ) տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Խոսելով կենտրոնի այցելուների թվի մասին՝ նա ասաց.

«Ներկայումս այցելուների թիվը դարձել է 43.000՝ համեմատած 2015 թվականի, երբ 37.000 էր։ Սա խոսում է այն մասին, որ մեր հասարակության մեջ ձևավորվում է բժշկի գնալու մշակույթը։ Մարդիկ ավելի գիտակից են դարձել։ Որքան հաճախ են այցելում, այնքան ավելի վաղ փուլում ենք կարողանում հայտնաբերել, քանի որ քաղցկեղը որքան նենգ, այնքան էլ խնայող հիվանդություն է։ Մանավանդ կրծքագեղձի քաղցկեղը՝ զարգանում է բավականին դանդաղ, զարգացման վաղ փուլում հայտաբերելով ՝ թեթև վիրահատական միջամտության շնորհիվ կարողանում ենք փրկել մարդու կյանքը։ Այս եղանակով փրկված մոտ 6000 կանայք ունենք, ովքեր եկել են ուղղակի հետազոտություն անցնելու համար, ու մենք հայտնաբերել ենք քաղցկեղ»։

Պետք է տարեկան մեկ անգամ անցնել հետազոտություն հիվանդությունը կանխարգելելու համար, քանի որ քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է։

«Կանանց հորդորում ենք ուշադիր լինել առողջության նկատմամբ, քանի որ իրենց առողջությունը նաև իրենց ընտանիքների առողջությունն է։ Եվ չդիմել բժշկի՝ արդեն դանակը ոսկորին հասած։ Սա կենտրոն է առողջ կնոջ համար։ Երբ մարդիկ գալիս են ուղղակի կանխարգելիչ զննության համար, մենք կարողանում ենք իսկապես մարդկային կյանքեր փրկել։ Բացի այդ, քաղցկեղը դեռ դատավճիռ չէ»։

Ներկայումս կանանց մոտ տարածված է կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի պարանոցի քաղցկեղը, իսկ տղամարդկանց մոտ շատ տարածված է շագանակագեղձի քաղցկեղը։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով՝ վերջերս ակտիվացել է նաև վահանաձև գեղձի քաղցկեղը, որը, ի դեպ, ավելի հեշտ է բուժվում, քան կրծքագեղձինը։

Վահանաձև գեղձի քաղցկեղի՝ շաբաթական 4-5 դեպք է գրանցվում, հիմնականում՝ 50-60 տարեկանների շրջանում, թեպետ հազվադեպ չեն նաև դեպքերը 0-29 տարեկանների մոտ։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, նա պատասխանեց.

«Այնպես չէ, որ Հայաստանում է շատացել, ամենուր է այդպես։ Սա բացատրվում է նրանով, ոչ հիմա սթրեսներն են շատացել, օդն էլ այն մաքուր օդը չէ, հորմոններով ենք սկսել սնվել, ապրելակերպն է ավելի նստակյաց դարձել։ Սրանք բոլորը նպաստում են, որ հիվանդություններն ավելի երիտասարդանան, թեպետ ներկայումս աղջիկները, կանայք ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, ավելի պարտաճանաչ են, և սա հուսադրող է, որ մեր ապագա սերունդը շատ ավելի առողջ է լինելու»։

Անի Թորոսյան