Երբեք չամուսնացած տղամարդիկ ավելի հավանական է, որ մահանան սրտի անբավարարության ախտորոշումից հետո: Հաղորդում է Սրտաբանության ամերիկյան քոլեջը:
Սրտի քրոնիկ անբավարարությունը տեղի է ունենում, երբ սրտի մկանները դառնում են չափազանց թուլացած կամ պինդ՝ արյունն օրգանիզմ արդյունավետորեն մղելու համար: Այս խնդիրը սրտանոթային հիվանդությունների և մահվան հիմնական պատճառն է և ներկայումս Միացյալ Նահանգներում ազդում է ավելի քան 6 միլիոն մարդու վրա:
Հետազոտությունը հիմնված է 45-ից 84 տարեկան 6800 չափահաս ամերիկացիների տվյալների վրա: Օգտագործելով տասը տարվա հավաքագրված տվյալները՝ հետազոտողները համեմատել են ախտորոշումից հետո սրտի անբավարարություն ունեցող 94 մասնակիցների ողջ մնալու մակարդակը: Հետազոտման միջին ժամանակահատվածը կազմել է 4,7 տարի՝ ներառյալ բաշխումն ըստ սեռի և ամուսնական կարգավիճակի: Ընտանեկան կարգավիճակի դերը այլ հայտնի ռիսկային գործոններից առանձնացնելու համար հետազոտողները ճշգրտել են տարիքը՝ հաշվի առնելով տարեցների շրջանում ավելի բարձր մահացությունը, ինչպես նաև հոգեկան առողջությունը՝ բացառելու դեպրեսիայի ազդեցությունը:
Պարզվել է, որ տղամարդկանց մոտ, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել, ախտորոշումից հետո մոտ հինգ տարվա ընթացքում մահանալու հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է, քան ցանկացած ամուսնական կարգավիճակ ունեցող կանացնց մոտ: «Ցմահ» ամուրիների մոտ 2,2 անգամ ավելի շատ է եղել մահանալու հավանականությունը, քան ամուսնացած տղամարդկանց մոտ, սակայն այրիացած, ամուսնալուծված կամ առանձին ապրող տղամարդիկ մահացության ավելի մեծ ռիսկ չեն ունեցել ամուսնացած տղամարդկանց համեմատ:
Գիտնականները բացատրություն չունեն այս արդյունքների վերաբերյալ: Հավանական է, որ միայնակ տղամարդկանց մեկուսացումը և դրա հետևանքով առաջացած սթրեսը նպաստում են մահացությանը: