«Քաղաքական գզվրտոցին ու մարդալափոցիին չես խառնվում, էս մարդկանց մոտ տպավորություն է, թե ես Հեռվաշենի արվարձաններում եմ ապրում՝ խուլ ու համր։
Չեմ խառնվելու, որովհետև, բացի միմյանց հղած արտաբառարանային օրհնանքներից, դրանց հետևում բացարձակ ոչինչ չկա շինարար, դեռ մի բան էլ, գնալով ավելի են սողում հետ՝ դեպի անդունդը․․․
Իմ նպատակը ձեզ – ձեր հետ ծանոթացնել էր, տիկնայք և պարոնայք, ու աշխարհի երեսին չկա ավելի մեծ փիլիսոփայություն, քան ինքնաճանաչումը․
Քեզ ճանաչես, կճանաչես բոլորին։
Քեզ չճանաչես, կմնաս հավետ խաբված՝ սրա-նրա ձեռքին խաղալիք։
Այսօր, Սմիթսոնյան՝ ամերիկյան պատմության ազգային թանգարանում, պահպանվում է մի հազվագյուտ նմուշ՝ աշխարհում առաջին, գրպանում տեղավորվող, արևային էներգիայով աշխատող ռադիոընդունիչը, որը 1954 – ին, ԱՄՆ -ում, առաջին անգամ աշխարհում, ներկայացրեց իր տարիքի համար բավական տանջված տեսքով տղամարդը՝ այդ պահին ընդամենը 45 տարեկան։
Հինգ տարի անց, նույն այս՝ աշխարհին արդեն հայտնի ամերիկացին, ներկայացրեց, դարձյալ, աշխարհում առաջին, ինտեգրալ սխեման՝ այսօրվա լեզվով ասած՝ առաջին միկրոսխեման՝ կես մատի չափ։
Ընդամենը տարածական պատկերացում կազմելու համար, մի պահ, մտածեցի ինքս ինձ՝ ի՞նչ կլիներ աշխարհն առանց միկրոսխեմաների՝ դրանք այսօր ամենուր են․․․
Մանր տրանզիստորների՝ խոշոր քանակով փոքր չիփի մեջ ինտեգրումը, ահռելի առաջադիմություն էր, համեմատած՝ ձեռքով առանձին դիսկրետ էլեկտրոնային բաղադրիչներ մոնտաժելու հետ։
Մի քիչ էլ ավելի ուշ արդեն, հայտնի այս պարոնը, ՆԱՍՍԱ-ի համար մեկ տեխնիկ-գիտնականն էր՝ ինչպես Քեմուրջյանը սովետում՝ նույն շրջանում։
1963-ին նա կազմակերպեց, ու դարձյալ, աշխարհում առաջին, «Ցածր էներգիայի էլեկտրոնիկայի միջազգային սիմպոզիումը»։
Նման սիմպօզիումը ուղղակի նորույթ էր աշխարհի գիտնականների համար։ Ու դրանից հետո, արդեն 55 ամյա տղամարդը դարձավ Նիլ Արմսթրոնգի մտերիմն ու ՆԱՍՍԱ-ի՝ «Ապոլոն 11» նախագծի ձախողումների վերլուծության ղեկավարը։
Ո՞վ էր այս ամերիկացին․․․
Այս «ամերիկացին» ծնվել էր ոչ ավել, ոչ պակաս, Թիֆլիսում՝ 1909 թ-ի օգոստոս 14-ին, բժշկի ընտանիքում։
1922 – ին Թիֆլիսում գործարկվեց ռադիոկայան, ինչը շրջադարձային եղավ բժշկի երիտասարդ տղայի կյանքում․ Հայթայթելով դետալներ, նա պատրաստեց ռադիոընդունիչ։ Բնագավառի նկատմամբ սերը նրան նախ տարավ Թիֆլիսի պոլիտեխնիկ, որտեղ սովորեց մեկ տարի, այնուհետև տեղափոխեց Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտ։
Ինստիտում երիտասարդը ստացավ բազմաթիվ գիտական աստիճաններ, դիսերտացիա պաշտպանեց, ու թվում էր ապագան փայլում է, բայց, պատերազմ՝ Հայրենականը։
Երիտասարդը, ով արդեն հասցրել էր ամուսնանալ, մնաց շրջափակաման մեջ՝ Լենինգրադի բլոկադան։
Միլիոնավոր մարդիկ մահանում էին ցրտից և սովից։ Ծանր հիվանդացավ նաև մեր երիտասարդը, ու երբ զգաց, որ վերջը մոտ է, խնդրեց տեղեկացնել իր բարեկամ Կլարա Հոլմկվիստին։ Երբ Կլարան եկավ էլեկտրատեխնիկական ինստիտուտ, նրան ասացին, որ տղան մահացել է, ու նրան թաղել են տնից ոչ հեռու։ Կլարան շտապեց դեպի նրա տուն, բայց ճանապարհին, ձյան տակից դուրս ցցված շարժվող ձեռք նկատեց՝ երիտասարդին, կիսամեռ ու հազիվ շնչող, հանեց ձյան տակից և տարավ տուն։
Որոշ ժամանակ անց, նրա ընտանիքը տարհանեցին Լենինգրադից, սակայն ճանապարհին, նրան, իր կնոջ և որդու հետ, գերմանացիները բռնեցին և ուղարկեցին Գերմանիա` Կոբլենցի մոտ գտնվող աշխատանքային ճամբար։ Ճամբարում նրա պարտականությունները ներառում էին պահեստամասերի համար ինքնաթիռների ապամոնտաժումը։
Բայց նրանց հաջողվեց փախչել ճամբարից։ Գնացքով հասան ամերիկացիների հսկողության տակ գտնվող գոտի։ Դիմելով հյուպատոսին` խնդրեցին իրենց օգնել հասնել ԱՄՆ։ Թույլտվությունը տրվեց, ու 1947 -ին նա ԱՄՆ-ում, կնոջ (որը մահացավ 1969 թվականին) և որդու հետ, հայտնվեց առանց դրամական միջոցների, ոչ մի բառ անգլերեն չիմանալով, առանց ընկերների ու հարազատների։
Սկզբում նա աշխատեց ավտոլվացման կետում, այնուհետև, որպես գծագրող, աշխատեց Westinghouse-ում։ Սովորելով անգլերենը՝ նա կարողացավ իրեն դրսևորել մասնագիտական ոլորտում։ Շուտով նրան հրավիրեցին «Ջեներալ էլեկտրիկ», որտեղ էլ սկսվեց նրա մասնագիտական կարիերան, ու դժոխքի և մահվան միջով, կորուստների ու զրկանքների միջով անցած, Թիֆլիսցի բժշկի տղան, կդառնա միկրոէլեկտրոնիկայի ականավոր գիտնականն ու գյուտարարը։
Աշխարհին գիտություն նվիրած, «ամերիկացի» գիտնականը՝ Թիֆլիսցի բժշկի որդի՝ Էդուարդ Քեոնջյանն էր, ով կմահանա 1999-ին՝ իր 90 ամյակը տոնելուց օրեր անց, երբ դառնության միջով անցած հայը ժպտում էր այն հասարակ պատճառով, որ իր 90 ամյակը զանգով շնորհավորել էր նախագահ Բիլ Քլինթոնը։
Ավելացնեմ, որ հանճարեղ այս թիֆլիսեցին՝ Էդուարդ Քեոնջյանը, մեր Վիկտոր Համբարձումյանի քրոջ որդին էր․․․»:
Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից