Ձայնային յուրահատուկ տեմբրով գանգրահեր այս գեղեցկուհուն Հայաստանում սկսեցին ճանաչել մոտ 3 տարի առաջ, երբ YouTube-ում նրա կատարմամբ հայտնի երգերը ստացան նոր շունչ ու մեկնաբանություն։ Մինչդեռ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Արփի Ալտո անունը վաղուց էր հայտնի շատերին։ Երգչուհին ջազային, դասական ու ժողովրդական կատարումներով հայտնվել է մի շարք բեմերում՝ փորձելով եվրոպացիներին մատչելի լեզվով խոսել Հայաստանի մասին։ Նրան նկատում են ոչ միայն տեմբրային առանձնահատկության, այլեւ «հոլիվուդյան արտաքինի» շնորհիվ։ Աշխարհում ոչ միայն խոսում են Արփիի ու «Սիրունիկը» ֆիլմի աստղ Ջուլիա Ռոբերթսի ակնհայտ նմանության մասին, այլեւ գրում, թե հայուհին հայտնի դերասանուհու դուստրն է։ Երգչուհուն որքան էլ հաճելի են հոլիվուդյան գեղեցկուհու հետ արտաքին համեմատությունները, նույնքան ցանկալի, որ իրեն առաջնահերթ ընկալեն իր անհատականությամբ ու ներկայացրած արվեստով։
Վերջերս, օրինակ, Արփին նոր տեսահոլովակ է ներկայացրել հին ու սիրված՝ «Նազան իմ յարը» երգի իր մեկնաբանությամբ։
Արփին հաճախ հարցազրույցներ չի տալիս, թեեւ առաջարկների պակաս չի ունենում։ Պատճառն, ըստ երգչուհու, հնարավորինս հանրային չդառնալն է։
«Հայաստանն ինձ համար տան ընկալում է։ Հնարավորինս աշխատում եմ այստեղ լինել ոչ ճանաչված, որ հանգիստ քայլեմ ու շփվեմ, ինչն ինձ մոտ բացակայում է դրսում։ Եվրոպայում, ԱՄՆ-ում այդ ուշադրությունն իմ հանդեպ ավելի ակտիվ է, իսկ այստեղ ցանկանում եմ հանգիստ դուրս գալ, հատկապես ընտանիքիս հետ․ այդպես ավելի հարմար է։ Այստեղ ինձ սկսեցին ճանաչել 2020-ից, բայց ավելի շատ սկսեցին խոսել այն մասին, որ Ջուլիա Ռոբերթսի նման եմ, ինչն ինձ համար երբեք առաջնային չի եղել, ինձ համար ավելի կարեւոր է, որ մշակութային տեսանկյունից ինձ գնահատեն»,-ասում է երգչուհին, որը սոցիալական ցանցերում էլ առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում։ Ասում է՝ նախընտրում է կենդանի շփումը հանդիսատեսի հետ։
«Պրոֆեսիոնալ երաժիշտի համար, որը ներկայացնում է դասական, ջազային երաժշտություն, սոցիալական հարթակները առաջնային չեն, բայց քանի որ հիմա այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ դա է աշխատում, փորձում ենք տեղավորվել նաեւ այդ ձեւաչափում։ Ինքս, սակայն, նախընտրում եմ, որ ամեն բան լինի շոշափելի։ Ես փոփ երգչուհի չեմ, իսկ դասականի ու ջազի մեջ այդ ամենն ավելի պասիվ է»։
Հայաստանում Արփին շատ համերգներ չի ունենում։ Ակումբային ձեւաչափով հանդես գալ չի ցանկանում․ ասում է՝ եթե համերգ ծրագրի, այն կլինի մեծ ու մասշտաբային։ Ցանկանում է հանդես գալ այնպիսի ձեւաչափով, որ հանդիսատեսը գա հատուկ իրեն լսելու, ոչ թե ծնունդի կամ այլ առիթի համար։ Իսկ, ահա, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում համերգների պակաս չի ունենում․ ներկայացնում է ինչպես եվրոպացիներին մատչելի գործեր, այնպես էլ հայկական երաժշտություն։
Ամբողջությամբ՝ news.am