Այսօր մենք ոգեկոչում ենք 35 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ տեղի ունեցած դաժան ոճրագործության զոհերի հիշատակը:Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը.
Սումգայիթի ջարդերը Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ քարոզվող ատելության և անհանդուրժողականության ողբերգական հետևանքն էին:
Սումգայիթից հետո կոտորածները շարունակվեցին Գանձակում, իսկ 1990 թ. հունվարին՝ Բաքվում: Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերը տեղահանվեցին ամենադաժան ու բռնի ձևերով:
Մենք մեր պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել ու ամեն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն:
Այնպես անենք, որ նրանց կյանքի, արժանապատվության նկատմամբ ոտնձգություն իրականացնողը հասկանա, որ մենք կարող ենք համախմբվել ու արժանի պատասխան տալ: Միայն այդպես է հնարավոր բացառել նման ողբերգական էջերի կրկնությունը: