Լիլի Մորտոն օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել «Տարանտինո» երգի հիման վրա: Երգը ռուսալեզու է, տեսահոլովակի պրեմիերան կայացել է փետրվարի 23-ին,-«Այդ օրը լրացավ իմ եւ սիրելիիս ծանոթության 5-ամյակը, ինչի առթիվ էլ տեսահոլովակը ներկայացրինք հենց այդ օրը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Լիլին: Նա նաեւ հավելեց, որ շուտով կլինեն նոր ռուսալեզու երգեր, որոնք կզետեղվեն նոր ալբոմում:
Այժմ Women’s Club-ի հայտնի անդամը լրջորեն զբաղվում է երգչուհու կարիերայով, եւ իր սիրելիի հետ միասին, որը նաեւ իր պրոդյուսերն է, հստակ քայլեր են անում դեպի ռուսական շոու-բիզնես:
Հայտնի շիկահերը կիսվել է նաեւ իր եւ սիրելիի սիրո մասին պատմող մյուս ստեղծագործությամբ, որը կոչվում է «5 секунд»:
«Հենց լսեցինք երգը, հասկացանք, որ այն պետք է լինի մերը, քանի որ բառերի մեծ մասը հենց մեր սիրո մասին է: Երգի սկզբնական տարբերակում կային որոշ բաներ, որոնք մեզ հետ կապ չունեին, եւ մենք փոփոխություն կատարեցինք, որպեսզի այն ամբողջովին բնութագրի մեր սիրո պատմությունը: Որոշեցինք երգի պրեմիերան անել սիրելիիս ծննդյան օրը՝ հունվարի 26-ին, եւ երգը եղավ իմ անակնկալը իրեն:
Տեսահոլովակը որոշեցինք նկարել mood վիդեոյի տեսքով՝ այնտեղ ցուցադրելով մեր զգացմունքները: Որպես այդպիսին՝ այն տեսահոլովակ չի ունենա: Քանի որ ունենք բազմաթիվ երգեր, շատ շուտով կանենք իմ ձայնասկավառակի շնորհանդեսը: Կան շատ գեղեցիկ երգեր, որոնք կներկայացվեն տեսահոլովակներով»,-նշեց Լիլին:
Ալբոմն ամբողջությամբ կազմված կլինի ռուսալեզու երգերից: Լիլին բացատրեց, թե ինչու է որոշել չերգել հայերեն.
«Ինքս եմ որոշել, որ չեմ ուզում հայերեն երգել, որովհետեւ ինչպես տեսնում ենք, հայկական շուկայում միայն թուրքական «կլկլոցն» է աշխատում, իսկ ես չեմ կարող այդպես: Եթե երգեմ, միայն՝ որակով երգեր»:
Լիլին խոստացավ երկրպագուներին ամեն ամիս ներկայանալ նոր երգով, որպեզի մինչ ձայնասկավառակի շնորհանդեսը նրանց ծանոթացնի իր ստեղծագործություններին: Ինչ վերաբերում է ռուսական շոու-բիզնես մուտք գործելուն՝ «Ունենք այդ ուղղությամբ հստակ ծրագրեր: Արդեն երեք գործ ներկայացրել ենք, մի քանի երգից հետո հստակ քայլեր ենք իրականացնելու, այնպես որ՝ առաջիկայում սպասեք գժական նորությունների: Շուտով կսկսենք նաեւ համերգային շրջագայություններ»,-նշեց նա: