Մեծ Բրիտանիայում կալանավորվել են արիստոկրատ Կոնստանցիա Մարթենն ու նրա սիրելին՝ Մարկ Գորդոնը, ովքեր հունվարի 6-ից հետախուզման մեջ էին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանությունը շարունակում է որոնել զույգի երեխային, ում կինը, ենթադրաբար, ծննդաբերել է հունվարի 5-ին իր մեքենայի հետևի նստատեղին։ Այրվող մեքենան հայտնաբերվել է նույն օրը Մեծ Մանչեսթեր կոմսության Բոլթոն քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղում։ Դրանից հետո ոստիկանությունն ու լրատվամիջոցները միացել են փախած արիստոկրատի ու նրա սիրելիի որոնումներին։
35-ամյա Մարթենը՝ Էլիզաբեթ II-ի նախկին պաժի դուստրը, և 48-ամյա Գորդոնը հանդիպում են 2016 թվականից։ Ենթադրվում է, որ վերջերս տղամարդը արիստոկրատին թույլ չի տվել շփվել հարազատների հետ։ Հունվարի սկզբին փախչելուց առաջ Մարթենը 15000 ֆունտ է հանել իր հիմնադրամից։ Գորդոնը պաշտոնապես գրանցված բռնարար է, ով 20 տարի անցկացրել է ամերիկյան բանտում։
Կնոջ հարազատները մի քանի անգամ լրատվամիջոցներով դիմել են Մարթենին՝ տուն վերադառնալու խնդրանքով և երեխային խնամելու խոստումներով։
Փետրվարի 27-ի առավոտյան ամուսիններին բերման են ենթարկել Արևելյան Սասեքսի Բրայթոն քաղաքում: Ոստիկանություն է կանչել տեղի բնակիչներից մեկը, ով փողոցում նկատել է փախածներին։ Ենթադրվում է, որ հունվարի 5-ից Մարթենն ու Գորդոնը տաքսիով շրջել են երկրով մեկ և գիշերել վրաններում՝ նորածին երեխային գրկին։
Հաղորդվում է, որ երեխայի որոնումները շարունակվում են։