ԱՄՆ Կալիֆորնիայից 25-ամյա Դելեյն Իվանովսկին գաղտնի կերպով իր երիկամը նվիրել է Ջոն անունով հորը և փրկել նրա կյանքը։ Այս մասին հայտնում է KMOV-ը։
Մեկ տարի առաջ Ջոնն սկսել էր տառապել իմունոգլոբուլին A-ի պակասից, որն առաջացնում է իմունային համակարգի գերակտիվություն։ Սա իր հերթին բացասաբար է ազդել տղամարդու երիկամների աշխատանքի վրա։ Ջոնն սկսել է դիալիզի պրոցեդուրաներ անցնել։ «Այդ պահին ես անմիջապես մտածեցի՝ ինչո՞ւ հենց հիմա նրան չտալ իմ երիկամը»,- հիշում է Դելեյնը։ Հայրը մերժել էր դստեր առաջարկը, սակայն նա, այնուամենայնիվ, որոշել էր դառնալ նրա դոնորը և այդ մասին պատմել փոխպատվաստումից հետո։
Աղջիկը կապվել է Ջոնի համակարգողի հետ և ասել, որ ցանկանում է իր երիկամը նվիրել: Ութ ամիս սպասելուց և բազմաթիվ հետազոտություններից հետո վիրաբույժները հաջողությամբ կատարել են փոխպատվաստումը։
Ջոնը, համոզված լինելով, որ երիկամ է ստացել անանուն դոնորից, ապաքինվում էր վիրահատությունից հետո, երբ Դելեյնը հիվանդանոցային խալաթով մտավ նրա սենյակ: Հասկանալով, որ դուստրն է իրեն երիկամ նվիրել, տղամարդն արտասվել է։
Ջոնը խոստովանում է, որ երախտապարտ է Դելեյնին իր դոնորը դառնալու որոշման համար։ Վիրահատությունից հետո նա այլեւս դիալիզի պրոցեդուրաների կարիք չունի։ «Եթե պատրաստվում եք երիկամ նվիրել, իմացեք, որ սա աշխարհի ամենամեծ նվերներից մեկն է, որը դուք կարող եք տալ: Դա նման է կյանք տալուն», – ասել է նա: